Անցած շաբաթ և կիրակի մայրաքաղաք Երեւանը տոնում էր իր 2797-ամյակը, որն այս անգամ կրում էր «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագիրը: Սակայն տոնական միջոցառումների մասնակիցները, այդ թվում օտարերկրացի հյուրերը, հայտնվել են տհաճ իրավիճակի մեջ: Մասնավորապես, Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում, որտեղ մթերային խանութներ չկան, խմելու ջուրը, գազավորված ըմպելիքները, բնական հյութերը իրացրել են շրջիկ վաճառողները՝ կրկնակի, երբեմն եռակի թանկ գներով:
Օրինակ՝ առեւտրականները հիմնականում վաճառել են 120 դրամանոց «Ապարան» աղբյուրի 0.33 լիտրանոց ջուրը՝ 300-400 դրամով, 0.5 լիտրանոց՝ 280 դրամանոց «Կոկա-կոլա», «Ֆանտա» եւ այլ զովացուցիչ ըմպելիքները՝ 400-500 դրամով:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Իսկ հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ուոթերլոկ» ՍՊԸ-ից փոխանցեցին, որ իրենց մատակարարման գները չեն թանկացել, անփոփոխ են մնացել, եւ իրենք կապ չունեն այդ շրջիկ առեւտրականների հետ: Ի դեպ, տոն օրերին միջոցառումների վայրից ուղեւոր տեղափոխող տաքսիների ծառայությունները եւս շեշտակի թանկանում են: