Վերանորոգված քարշային ենթակայանը շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղու» «Փամբակ» կայարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Փամբակ» կայարանում վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել քարշային ենթակայանը, որը չէր աշխատում 1989 թվականից:

Ինչպես ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Ընկերությունը վերակառուցել է ենթակայանը իր մասնագետների ուժերով՝ կոնցեսիոն պարտավորությունների կատարման շրջանակներում:

«Ներդրումները կազմել են 30 մլն. դրամ: Ենթակայանն ապահովում է մեր կոնտակտային ցանցի կայուն լարումը՝ երաշխավորելով երթևեկության ու մեր ենթակառուցվածքի էներգետիկ անվտանգությունն այս հատվածում: Միևնույն ժամանակ մենք հնարավորություն ենք ստացել էլեկտրաէներգիա փոխանցել Փամբակ ենթակայանի մոտակայքում գտնվող գյուղերին», – ընդգծեց նա:

Ենթակայանի վերակառուցումը բարձր գնահատեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով նշեց, որ ՀԿԵ-ի այս նախագծի շնորհիվ այժմ էլեկտաէներգիայով ապահոված են մարզի Փամբակ և Եղեգնուտ համայնքները, ստեղծված է 5 աշխատատեղ, ինչը խիստ կարևոր է Փամբակի նման փոքր համայնքի համար:

«Փամբակ» ենթակայանի վերակառուցումը հանդիսանում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Վերակառւցման շրջանակներում կառուցվել է 2 կմ էլեկտրագիծ, վերականգնվել են ուժային և քարշային տրանսֆորմատորների տեխնիկական չափանիշները, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումները:

«Փամբակ» քարշային ենթակայանի հզորությունը կազմում է 10 000 կՎտ, ինչը երկու անգամ գերազանցում է երկաթուղու կարիքն այս հատվածում: Այսպիսով, ենթակայանը պարունակում է նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ներուժ: Իսկ ներկա պահին էլեկտրաէներգիայի ավելցուկը ՀԿԵ-ն պատրաստ է ուղղել շրջանի ձեռնարկությունների էներգամատակարարմանը՝ իր ավանդն ունենալով հայկական գյուղերի զարգացման գործում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշոր էներգասպառողներից մեկն է: Ընկերության ենթակայանների հզորությունը կազմում է 1 ՄՎտ, տարեկան ՀԿԵ-ն սպառում է 60 մլն. կՎտ էլեկտաէներգիա, ևս 70 մլն. կՎտ երկաթուղին փոխանցում է հանրապետության այլ սպառողներին: Այս պատճառով ՀԿԵ-ի էներգահամակարգի արդիականացումը հանդիսանում է ընկերության առաջնահերթություններից մեկը:

2008 թվականից փոխվել է 200 կմ կոնտակտային գիծ, 200 կմ էներգամատակարարման բարձրավոլտ գիծ, 40 քարշային և տրանսֆորմատորային ենթակայաններ կապիտալ վերանորոգվել են:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստանի երկաթուղային փոխադրումների շուկայում աշխատում է 2008 թվականից: 7 տարիների ընթացքում փոխադրվել է 4,2 մլն. ուղևոր և 22 մլն. տոննա բեռ, բյուջե փոխանցվել է 29 մլրդ. դրամ հարկեր, գնվել և արդիականացվել է 39 էլեկտրա- և ջերմաքարշ, մոտ 10 անգամ նվազել է տեխնիկական միջոցների խափանման դեպքերը:

Ընդունելով հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարմանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է 2008-2038 թթ. համար 572 մլն. դոլարի չափով ներդրումներ կատարել, որից 250 մլն. դոլարն արդեն կատարված է 2008-2015 թթ.-ին: Նշված գումարից 183 մլն. դոլարն ուղղվել է ենթակառուցվածքի վերանորոգմանը,  իսկ 68 մլն. դոլարը՝ շարժակազմի արդիականացմանը:

 «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:




Լրահոս