ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով բարձրացման դառը հետեւանքները գնալով ավելի տեսանելի են դառնում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը չի սուբսիդավորում խոշոր բիզնեսի սպառած էլեկտրաէներգիայի գումարը, ինչն էլ հետզհետե հանգեցնում է թանկացումների: Սրան զուգահեռ տեղական արտադրողները պնդում են, որ Հայաստանում գնողունակությունը ավելի է ցածրացել, ինչի պատճառով իրենք ընդհանրապես եկամուտներ չեն ունենում:

Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման արդյունքում Հայաստանում գնաճն անխուսափելի էր լինելու, սպասելի էր բոլորի համար: Եւ, ահա, թանկացումների փաստն արդեն հաստատում է պաշտոնական վիճակագրությունը. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Մասնավորապես կաթնամթերքի շուկայում 2015 թվականի սեպտեմբերին, օգոստոս ամսվա համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, այսինքն՝ կաթնամթերքի գինն աճել է:
Էլէներգիայի սակագնի 7 դրամ բարձրացումը մեծ հարված կհասցնի նաեւ պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին: Եւ ինչ-որ չափով այն մեղմացնելու նպատակով որոշ պանրագործներ կսկսեն պակասեցնել ծախսերը` կրճատելով թե՛ իրենց աշխատակիցների թիվը, թե՛ վճարվող աշխատավարձերը: Նշենք, որ այժմ տնտեսվարողները որոշակի հաշվարկներ են կատարում, որպեսզի հասկանան, թե երբ եւ որքանով են թանկացնելու իրենց արտադրանքը:
Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի կաթի գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ոչ միայն էլէներգիայի թանկացումից, այլեւ հայաստանյան որոշ առեւտրային բանկերի վարած քաղաքականությունից: «Էլեկտրաէներգիայի նոր սակագնի հետ փորձում էինք հարմարվել, առաջ եկան խնդիրներ՝ կապված բանկերի հետ. որոշ առեւտրային բանկեր կտրուկ բարձրացրին իրենց տոկոսադրույքները: Իհարկե, սրա պատճառը դոլարի բարձրացումն է, բայց միեւնույնն է՝ մենք կրկնակի եւ ավել տուժում ենք: Մենք նոր սակագնով ենք վճարումներ կատարել, եւ տարբերությունը մեծ է եղել: Շատերը կարող են ասել՝ դե, 7 դրամ է եղածը, բայց, այնուամենայնիվ, դա մեզ համար մեծ ծախս է: 7 դրամի թանկացումը չի կարող չազդել, պատկերացրեք, որ ամեն մի գործարանի էլէներգիայի ծախսը ավելի քան 300 հազար դրամի չափով ավելացել է»,- նկատեց պարոն Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը ունի եւս մեկ մտահոգություն՝ կապված գնողունակության անկման հետ. «Ժողովուրդը գումար չունի, այս պատճառով իրացման, հետեւաբար արտադրման ծավալները զգալի նվազել են: Իսկ արտահանում մեր ընկերությունը չի իրականացնում»: Եւ չնայած սրան՝ ընկերությունը շարունակում է գյուղացիներից կաթ մթերել՝ 130-135 դրամով, իսկ եթե կաթի յուղայնությունը բարձր է լինում, ապա ընկերությունը վերահաշվարկ է կատարում եւ վճարում ավել գումարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Չանախ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը եւս նշեց, որ դեռ չի կողմնորոշվում՝ հիմա՞ թանկացնել արտադրանքը, թե՞ սպասել:
Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել ՀՀ Շիրակի մարզում գործող «Իգիթ» պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը: 1993 թվականից գործող այս ընկերությունն այսօր կանգնած է փակման եզրին:
«Իգիթ»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված ասաց. «Էլեկտրաէներգիայի բարձր սակագնի դեմ չենք կարող պայքարել, վերեւներից ինչ եկել է, պետք է դրա հետ էլ համակերպվենք, դրանով էլ պետք է աշխատենք: Հին ու նոր սակագներով սպառած էլէներգիայի տարբերությունը մեծ է եղել: Եւ այս ամենի արդյունքում առաջիկայում հնարավոր է՝ աշխատողների աշխատավարձերի կրճատումներ լինեն: Բացի այս՝ որոշ ծախսեր էլ կնվազեցնենք»:
Ինչպես մյուս գործարարները, այնպես էլ «Իգիթ»-ի ներկայացուցիչը ընդգծեց, որ եթե Հայաստանում գնողունակությունը բարձր լիներ, ապա 7 դրամի թանկացման վրա իրենք աչք կփակեին: «Ամեն բան իրար հետ շաղկապված է: Պանրի վաճառքը վատ է, վատ ու էլի վատ: Մոլորված գնացել ենք Վրաստան՝ Թիֆլիս, որ իբր տեսնենք, թե ինչպես ենք կարողանում վրացական շուկայում տեղ գտնել, որովհետեւ Հայաստանում գնողունակությունն ընկած է, պանիրը չի վաճառվում: Եթե վրացական շուկայում տեղ զբաղեցնելու հարցը լուծվեր, ապա գոնե դրանով կկարողանայինք մեր վարկային պարտավորությունները կատարել: Բայց պարզվեց, որ Վրաստանում էլ է վիճակը վատ. տեղի գները չեն համապատասխանում մեր առաջարկներին: Մեզ մոտ կաթնամթերքն ավելի թանկ է, քան այստեղ: Մեզ մոտ ամեն ինչ թանկ է, իսկ եթե էժան լիներ, ապա ի վիճակի կլինեինք արտահանում իրականացնել: Իրենք շատ ցածր գներով են պահանջում, բայց մենք իրենց կողմից առաջարկած գների մեջ չենք տեղավորվում»,- ներկայացրեց Իգիթյանը:
Նշենք, որ այս ընկերությունը ներկայումս արտահանում իրականացնում է միայն դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բայց այստեղ էլ ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով բավականին լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: Արդյունքում, ինչպես բազմաթիվ ընկերություններ, այնպես էլ «Իգիթ»-ը նվազեցրել է արտահանման ծավալները: «Եկամուտ չենք ունենում, գրեթե զրոյական: Հիմա մտածում ենք, թե ինչպես այս ամենի տակից դուրս գանք, որ արտադրությունը չփակենք: Նույնիսկ ներդրում չենք կարող անել, որովհետեւ եկամուտ չունենք: Բայց եթե այսպես շարունակվեց, բնականաբար, պիտի փակվի արտադրությունը»,- մեծ ափսոսանքով նկատեց պանրագործը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԼԵՅՇՄԱՆԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏԱՑԵԼ Է

«Միայն այս տարվա ընթացքում հանրապետության տարածքում լեյշմանիոզի 17 դեպք է արձանագրվել: Մինչդեռ 99թ-ից մինչ օրս ընդամենը 81 դեպք էր եղել: Պատկերն արդեն իսկ մտահոգիչ է»,-Կապանում հանդիպելով քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ ընդգծեց ՀՀ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ փոխանցումով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նշենք, որ լեյշմանիոզը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիների, օրինակ՝ թափառող շների, մլակների միջոցով: Հիվանդության նշաններն են՝ անկանոն տենդ, ավշային հանգույցների մեծացում, մոմագույն մաշկ: Գաղտնի շրջանը 3 շաբաթից մինչեւ 3 տարի կարող է տեւել: Շներից ու մլակներից մարդուն փոխանցվող այս հիվանդությունը Հայաստանում մի քանի տարի է, ինչ սկսել է գլուխ բարձրացնել: Իսկ, ահա, մեր հարեւան Վրաստանում այն վաղուց արդեն բավականին տարածված է: Այս ամենը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները անհրաժեշտ միջոցառուներ են ձեռնարկել: Նախ շեշտը դրվել է տեղեկացվածության վրա:
Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է իրենից ներկայացնում լեյշմանիոզը, եւ համապատասխան պայմանների չհետեւելու դեպքում ինչ անդառնալի հետեւանքների այն կարող է հանգեցնել: Նշենք, որ այս հիվանդության հետեւանքով ընդհուպ մինչեւ մահվան դեպքեր են եղել: Այդ իսկ պատճառով էլ ԱՆ մասնագետները այցեր են կատարում մարզեր` բնակչությանն իրազեկելու եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
«Լեյշմանիոզը առավել շատ սպառնում է սոցիալապես ծանր պայմաններում մեծացող երեխաներին, խոսքը վերաբերում է հատկապես ցածր իմունիտետ ունեցողներին եւ թեր սնվողներին»,-դիմելով ներկաներին՝ ընդգծեց բժշկուհին: Կապանում այս տարվա հուլիսին ընդերային լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել: Բոլորն էլ երեխաներ: Հիվանդները բուժում են ստացել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Կապանի Շինարարների թաղամասում ամիսներ առաջ կատարած շրջայցի ժամանակ մասնագետները շինարարական եւ կենցաղային աղբակույտերի են հանդիպել, ինչը նպաստավոր է հիվանդության տարածման համար: Լեյշմանիոզից խուսափելու համար պետք է մանրավանդակ ցանցով փակել բնակարանների լուսամուտներն ու դռները: Կանխել աղբակույտերի առաջացումը, պայքարել կրծողների եւ թափառող շների դեմ:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան




Լրահոս