Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման և անհրաժեշտ մյուս աշխատանքները:  Ավարտվել են  նախատեսված ասֆալտապատման և   տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի և ոռոգման խնդիրը լուծելու նպատակով  կառուցվում են ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում ենթակայաններ:

«Հաջորդ տարի Նոր Խարբերդ թաղամասում մենք պետք է շարունակենք աշխատանքները բոլոր ուղղություններով և 2016-2017 թվականներին ամբողջությամբ ավարտին հասցնենք նախատեսված ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների, ուսումնասիրման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են  ստուգայցերը: Զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կատարված ստուգումների ադյունքում սննդի որակի, պահպանման պայմանների և ժամկետների վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ   նախապատրաստվել աշնանային էտի աշխատանքներին:

 




Լրահոս