Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Կան ձերբակալվածներ։
Նախնական քննության տվյալներով՝ դիմակավորված երկու անձ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Սողբաթյանի բնակարան և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ սպառնալիքներ տալով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել են զգալի չափերի կանխիկ գումար և բջջային հեռախոս, որից հետո դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի երկու բնակիչ։
Կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է երկու սև գույնի դիմակ և հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։