ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն հինգ ամիս է, ինչ Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքի փլուզման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզման գործով քրգործ էր հարուցվել ՀՀ քր. oր.-ի 157-րդ հոդվածի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլատակների տակ էր մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ, ինը հոգի բազմակի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն, այս հոդվածով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով տուգանք կամ ուղղիչ աշխատանք՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը եղավ Խանջյան 20 հասցեում: Մեր այցելության պահին բանվորներն ընդմիջում էին անում: Սակայն նրանցից մեկը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, թե շինարարությունը չի շարունակվում. «Չէ՛, ուղղակի շինության մի մասն ենք ուզում քանդել: Կշարունակվի այն ժամանակ, երբ թույլտվություն կլինի: Ես էլ ջուրը պետք է քաշեմ, որ էս մարդիկ լվացվեն: Քո՛ւր ջան, հաստատ շինարարություն չենք անում, կարող ես հանգիստ լինել»: Հետաքրքրվեցինք նաեւ տուժածների առողջական վիճակով եւ տեղեկացանք, որ նրանք արդեն իրենց լավ են զգում: 
Հիշեցնենք, որ Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի շինթույլտվության պայմանագրի ժամկետն ավարտված էր, եւ փլուզման պահին ընթացող աշխատանքներն անօրինական էին:  Զվարճալիքների կենտրոն եւ բացօթյա սրճարան կառուցելու համար 2009թ. դեկտեմբերի 23-ին շինթույլտվության որոշում էր տրվել «Լենա Թովմասյան» եւ «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ներին: 2011թ. մարտի 17-ին Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ շինարարության իրականացման ժամկետները երկարացվել էին, սակայն 2012թ.-ին՝ հերթական ստուգայցի ժամանակ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը պարզել էր, որ այդ ժամկետը նույնպես լրացել է: Այդ պատճառով կիսակառույցի շինարարությունը դադարեցվել էր, կազմվել էր արձանագրություն, եւ նշանակվել էր ավելի քան 2 մլն դրամի տուգանք:
Նշենք, որ շինաշխատանքներն իրականացվում էին «Չիլինգարյան դիզայն եւ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ՝ պարզելու, թե ինչ են պատրաստվում անել այդ շենքի հետ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս