«ԱՅՍՏԵՂ ՀԱՍՏԱՏ ԿՐԻՄԻՆԱԼ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հայաստանում Ամերիկայի առեւտրային պալատը Համաշխարհային բանկի գրասենյակում կազմակերպել էին առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ հանձնաժողովը պատրաստակամ է քննարկել եւ աշխատել մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ:
ԱՄՆ առեւտրի պալատի ներկայացուցիչ, «Արմենիան քափր փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հայտարարեց, որ այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկը շուկաներ մուտքի սահմանափակումների խնդիրն է: «Գիտենք, որ օտարերկրյա խոշոր ցանցը, որը ցանկացել է գալ Հայաստան, որոշակի խոչընդոտներ են առաջացել»,-հայտարարեց Արզումանյանը: Նա Շաբոյանին խորհուրդ տվեց սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել այս խնդիրը եւ պարզել, թե ինչն է իրականում խոչընդոտում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստանի շուկա: Իսկ Շաբոյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ «Կարֆուր»-ի ներկայացուցիչներից եւ ոչ ոք դեռեւս հանձնաժողովին չի դիմել եւ բողոք չի ներկայացրել: Այնուամենայնիվ, նա խոստացավ ուսումնասիրել խնդիրը:
«Տրանսիմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Արման Ղազարյանի համոզմամբ՝ հիմա օրենսդրական ակտեր են ընդունվում, որոնց հետագա կիրառումը խախտում է մրցակցային դաշտը: «2011-ին փոստի եւ սուրհանդակային կապի մասին օրենք էր ընդունվել, ըստ որի՝ սահմանվել է 3 միլիոն դրամ պետական տուրք: Համեմատության համար ասենք, որ 3 միլիոն դրամ պետական տուրք լիցենզավորման համար վճարում են բանկային գործունեության եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանների շահագործման գործունեություն իրականացնելու համար»,-ներկայացրեց Ղազարյանը: Նա ընդգծեց, որ այսօր ամբողջ աշխարհում ցանկացած պետության առեւտրի դինամիկ զարգացման համար էլեկտրոնային առեւտուրը մեծ դեր ու նշանակություն ունի, իսկ Հայաստանում ներհանրապետական նշանակություն ունեցող սուրհանդակային ծառայություն մատուցելու համար «Տրանսիմպեքս»-ը ստիպված է երեք միլիոն դրամ պետական տուրք վճարել: «Նախկինում երեքը հինգ միլիոն էր: Ես Ձեր օգնությունն եմ ակնկալում այս հարցում: Մենք բազմիցս փորձեր ենք արել լսելի դառնալ պետական մարմիններին, բայց ինձ թվում է, որ միայն Ձեր օգնությամբ նրանք մեզ կլսեն»,-հավելեց «Տրանսիմպեքս» ՍՊԸ-ի տնօրենը՝ դիմելով Ա. Շաբոյանին:
Իսկ «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ՀՀ օրենսդրությունը սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերություններին հնարավորություն չի տալիս լիարժեք կատարել իրենց աշխատանքը: «Նրանց գործունեությունն ավարտվում է մաքսային սահմանին: Օրինակ՝ նախանցյալ տարի կատալոգների հետ կապված տուրք սահմանվեց, եւ հիմա օրենքը պարտադրում է գնալ «Զվարթնոց» մաքսատուն եւ մաքսազերծել: Մեր ձեռնարկությունը հնարավորություն ունի դա անել, բայց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի գործարարը, փոքր բիզնեսով զբաղվողն ինչպե՞ս պետք է հասնի «Զվարթնոց» մաքսատուն եւ մաքսազերծի՝ վճարելով դրա համար ե՛ւ բրոքերին, ե՛ւ «Զվարթնոց» մաքսատան պահեստին»,-մտահոգված նշեց Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ այսօր փոքր բիզնեսով զբաղվող մարդկանց անհրաժեշտ է կատալոգը, քանի որ այն հնարավորություն է տալիս «ոսկերչին՝ զարգացնել ոսկերչությունը, դերձակին՝ նոր մոդելներ կարել»: «Դրանք փոքր բիզնեսներ են, որոնք վաղը կարող են Հայաստանից հանգիստ հեռանալ»,-լրացրեց Մարտիրոսյանը:
Նա առաջ քաշեց նաեւ պետգնումների ոլորտին առնչվող մի հարց, որը վերաբերում է ժամկետներին. «Երեկ (նկատի ունի նախօրեին-Ս. Հ.) եկել է մրցույթի հրավեր ապրանքների տպագրական ձեւավորման համար, սակայն ներկայացնելու վերջնական ժամկետը նշված է այսօր (երեկ-Ս. Հ.): Սա ակնհայտ ցույց է տալիս, որ նախնական համաձայնություն է եղել, եւ ընդամենն այդ ֆորմալ կողմն է ապահովվում»: 
Մարտիրոսյանի բերած օրինակներից մեկի համաձայն՝ մի մրցույթին մասնակցել է 4 կազմակերպություն, եւ չորսն էլ պարտվել են. «Մի կազմակերպությունը նշել էր 11 դրամ, մյուսը՝ 10, մեկը՝ 7, իսկ չորրորդն էլ՝ 6: Բոլորն էլ պարտվեցին, քանի որ պետբյուջեով սահմանված էր երեք դրամ: Երբ միայն տպագրական արտադրանքի թուղթն ընդամենը հինգ դրամ է: Այսինքն՝ այստեղ հաստատ կա կրիմինալ, որ վերջնական պատվիրատուին ոչ թե հարյուր հազար հատ են տալիս այդ ապրանքից, այլ, ենթադրենք, տասը հազար հատ եւ մնացած գումարը լվանում են»: 
Քննարկման վերջում Ա. Շաբոյանը նշեց, որ գործարարների կողմից հնչեցված այս եւ այլ հարցերը կլինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում եւ կուսումնասիրվեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս