ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿԱՆԽԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարելիցը: 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ահաբեկիչների արձակած գնդակներից սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյան, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Կասկածից վեր է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն այսօր վաղուց արդեն կլիներ զարգացման ուղին բռնած պետություն: Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի զարգանալու անխուսափելիությունը միայն նրանց անձերով չէր պայմանավորված, այլ նաեւ այն հանգամանքով, որ 1996-ի եւ 1998-ի կեղծված նախագահական ընտրություններից հետո 1999-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ընտրողների մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժը: Այսինքն՝ ընտրողին կրկին վերադարձվել էր վստահությունը, որ նա է որոշողը:
Ի դեպ, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը եւս համոզված է, որ եթե այդ ողբերգությունը չլիներ, ապա Հայաստանը բոլորովին այլ զարգացման ուղով կընթանար: «ԱԺ, որ եկել են, ես համոզված եմ, որ հիմնական թիրախը Կարեն Դեմիրճյանն է եղել, հատկապես «Միասնությունը» ստեղծելուց հետո, եթե այն չստեղծվեր, գուցե հարցը ձգվեր: Բայց նրա հեղինակությունը, Վազգեն Սարգսյանի հետ միանալը հզոր ուժ էր ստեղծել, որը պետք է Հայաստանին տաներ սեփական ուղիով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ռիմա Դեմիրճյանը:

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցում նշում են, որ իրենց քարոզչական թեւի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին խոստացել են ամեն ինչ անել ըստ պատշաճի, որպեսզի նա անձամբ քարոզարշավին մասնակցի: ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումն արդեն բավարար էր, ու պետք չէ, որ Սերժ Սարգսյանը եւս քարոզարշավին մասնակցելով՝ ավելացնի ոչ-ի ճակատի այն պնդումները, թե այո-ի ճակատն իշխանական ողջ ռեսուրսը օգտագործում է հօգուտ այո-ի: Իհարկե, հասկանալի է, որ ՀՀԿ-ականների համար կատարյալը ոչ թե գործընթացի օրինականությունն է, այլ այն հանգամանքը, որ հանրաքվեի քվեարկությունից հետո ԿԸՀ-ն իրենց համար ցանկալի արդյունքներ հրապարակի:

 

 

 
Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում: Ապրանքները բաժանում են տարին ութ անգամ: Դրա համար գյուղացիները տարվա վերջին վճարում են 5 հազ դրամ: Ապրանքները բաժանողները ներկայանում են իբրեւ «բարեգործական կազմակերպություն»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մաքրող միջոցները բաժանում է «Հուսո առագաստ» ՀԿ-ն, որը ստեղծվել է 2012 թվականին: Այս ՀԿ-ն «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած «Հայկական վերածնունդ» միավորման մեջ մտնող կազմակերպություններից է: Ըստ ամենայնի, մուրաբաներին փոխարինելու են եկել օճառն ու զուգարանի թուղթը: Տեղեկացնենք, որ ՀԿ-ի հիմնադիրները Գոհար Հայրապետյանը եւ Գեւորգ Կոշկերյանն են: Վերջինիս մասին մամուլը ժամանակին գրել է, որ նախկինում 17 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար:

 

 

 
ՀՀ ԿԸՀ-ից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն կազմակերպելու համար կազմավորվել է 1997 տեղամաս: Նկատենք, որ 2013-ի նախագահական ընտրությունների համեմատ տեղամասերի թիվը 9-ով ավելացել է: Բանն այն է, որ պաշտոնական տվյալներով՝ 2013-ի համեմատ ընտրողների թիվն ավելացել է մոտ 21 հազարով: 2013-ին ընտրողները եղել են 2 մլն 527 հազարից մի փոքր ավել, ներկայումս դրանց թիվը հասցվել է 2 մլն 548 հազարի: Սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով ՀՀ քաղաքացիների թիվը անցած տարիներին զգալի նվազել է: Մասնավորապես, 2013-ի հունվարի 1-ի դրությամբ պաշտոնապես ՀՀ մշտական բնակչության թիվը, կամ նույնն է թե՝ ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 3 մլն 17 հազար: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ նույն թիվը եղել է 3 մլն 5 հազար 500: Այսինքն՝ երկուսուկես տարում պաշտոնական տվյալներով ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 11 հազար 500-ով: Բայց ընտրողները, միեւնույն է, ավելանում են:

 

 

 
ՀԱՆԴԻՊԱԿԱՑ

Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ի դեպ, համանախագահներից ամենաակտիվն է, երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը.«Մենք դեռ չգիտենք, թե որ օրն է կայանալու հանդիպումը, սակայն ցանկանում ենք քննարկել նախագահների հետ հանդիպման օրը: Դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա այդ հանրաքվեից հետո՝ մինչեւ տարվա վերջ»,-ասել է Ուորլիքը:
Նկատենք, որ այս ամռանը տարածաշրջան ժամանած միջնորդները դարձյալ հայտարարեցին, թե Ալիեւն ու Սարգսյանը տվել են իրենց համաձայնությունը, սակայն դրանից հետո ոչ միայն այդ հանդիպումը չկայացավ, այլեւ սահմանային իրավիճակի լարվածությունը շեշտակիորեն աճեց: Երեկվա ասուլիսում, սակայն, Ուորլիքն արդեն խոսել է ընդամենը օրը ճշգրտելու անհրաժեշտության մասին` այդպիսով, ըստ էության, հանդիպման կայացման շուրջ համաձայնությունը վերջնականապես ձեռք բերված համարելով:
Ինքնին նոր հանդիպման հեռանկարը միայն դրական կարելի է գնահատել, թեեւ Կազանի գագաթնաժողովից հետո անցած 4 տարիները ցույց են տվել, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպումներն անպտուղ են եւ ընդամենը բանակցային գործընթացը ինչ-որ ձեւով կենդանի պահելու գործառույթ ունեն:
Ամեն դեպքում` անգամ ամենավատ բանակցային գործընթացը գերադասելի է պատերազմական գործողություններից, ինչի հավանականությունը Ուորլիքը երեկ բացառել է` նշելով.«Կողմերից որեւէ մեկը չի ցանկանում, որ լարվածության աճ տեղի ունենա, կամ հակամարտությունը ընդլայնվի»: Սա ուշագրավ հայտարարություն է` ադրբեջանական օրեցօր աճող պատերազմական հռետորաբանության ֆոնին:
Ինչ վերաբերում է Ուորլիքի այն ամրագրմանը, թե երկկողմ հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո, ապա դա թեեւ Ս. Սարգսյանի համար զուտ ներքաղաքական խնդիրների տեսանկյունից հասկանալի է, սակայն բանակցային գործընթացի արդյունավետության առումով` ոչ: Նախ` ի վերջո կա ռիսկը հանրաքվեի ձախողման կամ հետընտրական սրացումների, ինչը կարող է զգալիորեն թուլացնել Սարգսյանի դիրքերը, բացի այդ` ինչպես այդ առիթով նկատել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` եթե, այդուամենայնիվ, ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա Ալիեւ-Սարգսյան հանդիպման իմաստն ադրբեջանական կողմի համար կարող է էապես արժեզրկվել, քանի որ «այդ պարագայում առնվազն 3-4 տարվա հեռանկարում անհասկանալի է լինելու, թե մեր երկրում ով եւ ինչի համար է իրապես պատասխանատու»:
Ինչեւէ: Միջնորդներն այսօր այցելելու են Ստեփանակերտ, ապա Բաքու, ինչը ցույց է տալիս, որ հանդիպման հարցում վերջին խոսքն, այնուամենայնիվ, Ալիեւինն է:




Լրահոս