ՁՎԵՐԻ ԽԱՉԻԿԸ ԽՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱ՞Ծ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ վերջապես սկսվեց հայտնի օլիգարխ Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն նախնական դատական նիստը չսկսված ավարտվեց, քանի որ հայցվոր Խ. Խաչատրյանի ներկայացուցիչները երկար մտածելուց հետո եկել են այն եզրակացության, որ Խաչատրյանի մասին «Ժողովուրդ»-ն էլի ինչ-որ «վիրավորական» բառեր է գրել, որոնք պետք է ներկայացվեն դատարանին:
Եվ այսպես, պատասխանելով «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հարցին՝ հայցվոր կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց հայցի առարկան «Ժողովուրդ»-ի թիվ 220 համարում առկա հրապարակումն է: Ահա թե ինչից է վիրավորվել Խաչիկ Խաչատրյանը. «Ժամկետանց ձու վաճառող այս չարչին, իսկապես, ճիշտ էլ անում է, որ մտածում է, թե իրեն «մարդու տեղ չեն դնում»: Մարդու տեղ դնելու համար նախ պետք է մարդը տարբերվի կենդանուց: Իսկ Վալենսիայի Խաչիկն առանձնապես չտարբերվեց: Եվ իսկապես ողբալի է, որ Խաչիկի նման «պրաստիտուտկան» այսօր ներկայացնում է գործարար էլիտան: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականները շատացել են ու շատացել են հենց իշխանության հովանավորությամբ: Եվ այն աստիճան, որ լրագրողի հետ խոսելու տարրական կուլտուրա ու դաստիարակություն չունեն»: Ահա այս խոսքերի համար ներողություն եւ որպես փոխհատուցում՝ 3.2 մլն դրամ է պահանջում Ձվերի Խաչիկը:
Բայց որպեսի ընթերցողի համար հասկանալի լինեն Խաչիկ Խաչատրյանի տակտիկական նենգության մղումները, հիշեցնենք, որ այս պարբերությունը գրվել է այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել էր Խաչիկ Խաչատրյանին՝ ճշտելու, թե ինչ խնդիրներ ունի հարկային ծառայության հետ: Ի պատասխան՝ Խաչատրյանն ասել էր, թե «… ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես»: Ու երբ «Ժողովուրդ»-ը հայց ներկայացրեց դատարան՝ Խաչիկից պահանջելով ներողություն խնդրել, նա էլ իր հերթին «վազեց դատարան»:
Եվ այդ տրամաբանությունից ելնելով՝ «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց կասեցնել գործի քննությունը, մինչեւ որ «Ժողովուրդ»-ի ներկայացրած հայցի քննությունն ավարտվի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ու պարզաբանվի՝ ինչու է կիրովաբադյան արմատներ ունեցող Խաչիկը վիրավորել լրագրող Սոնա Գրիգորյանին: Բայց դատավոր Գագիկ Խանդանյանը մերժեց միջնորդությունը: Փոխարենը փորձեց հաճոյանալ օլիգարխի ներկայացուցիչներին նրանց միջնորդությունը բավարարելու եղանակով:
Դատարանում պարզվեց, որ Խաչիկի կողմնակիցները, մանրազնին ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթում այս ամիսներին արված հրապարակումները, «պեղել» են, որ էլի «վիրավորական» արտահայտություններ կան. օրինակ՝ «ձվերի Խաչիկ, ջրերի Խաչիկ, Հայաստանի համար մատը մատին չի տվել, պրաստիտուտկաների մասնագետ» եւ այլն: Ելնելով դրանից՝ դատարանին միջնորդեցին 10 օր ժամանակ տալ՝ հայցին «հնարավոր» լրացում անելու համար: Բայց դատական նիստի սկզբում վստահեցնում էին, թե իրենց վեճը վերաբերում է միայն «Ժողովուրդ»-ի 220-րդ համարում տեղ գտած հրապարակմանը: Դատավորն էլ, «ինքն իր հետ խորհրդակցելով», որոշեց բավարարել հայցը՝ շատ լավ հասկանալով, որ հայցում գրվածները Խաչիկի կողմնակիցները մեծ դժվարությամբ են կարողանալու ապացուցել, քանի որ «Ժողովուրդ»-ն ընդամենը հակադարձել է լրագրողին հասցված վիրավորանքին՝ ի սկզբանե վիրավորելու միտում ու դիտավորություն չունենալով:
Հ.Գ. Երեկ դատարանում գտնվող մի պապիկ, որը, պարզվեց, «Ժողովուրդ»-ի ընթերցողներից է, նիստի ընթացքում տեղից բղավեց, թե «Ժողովուրդ»-ը կապացուցի, որ ինքը ճիշտ է, վերջում էլ խոսք խնդրեց դատավորից, սակայն պատմուճանը հագած արդարադատություն իրականացնող պարոնը «խոսքը կտուրը գցելով» հեռացավ՝ասելով. «Թող մնա հետո»: Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30-ին՝ ժամը 16:30-ին:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս