Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որում անդրադառնալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընտրացուցակների անճշտությունների հետ կապված հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների կողմից հնչեցրած հայտարարություններին՝ վերջիններիս հրավիրում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման:
Հայտարարությունում առանձնացված են ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի անունները, որպես ընտրացուցակների հիմնախնդիրների շուրջ առավել հաճախ հանդես եկող անձիք:
«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցեց վերջիններիս հետ՝ պարզելու՝ արդյոք ընդունում են ոստիկանության հրավերը եւ ընտրացուցակների կեղծ լինելու հետ կապված ի՞նչ ապացույցներ են ներկայացնելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ չի ներկայանալու ոստիկանություն, ավելին. «Ես հրավիրում եմ ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչներին Ազգային ժողով՝ քննարկելու բոլոր այն խնդիրները, որ մենք բարձրացրել ենք: Թեպետ այն, ինչ որ ես ասում եմ՝ ընտրությունների ցուցակները բարելավելու, ընտրացուցակները մաքրելու համար, ամենեւին կապված չէ ոստիկանության հետ, դրանք բոլորը քաղաքական խնդիրներ են»,- ասաց նա: Մանուկյանի խոսքով՝ նրանք իր կողմից հնչեցրած հայտարարություններն ընդունում են այնպես, ինչպես իրենք են ուզում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց` իրենց կողմից ներկայացված տվյալները պաշտոնատար աղբյուրներից են վերցված, եւ այդ ամենը նորություն չէ: «Մենք միանգամից չհայտնվեցինք Մարսից կամ Լուսնից եւ սկսեցինք բաների մասին խոսել, որի մասի առաջին անգամն ենք իմանում, կամ նրանք են առաջին անգամ լսում»,-ասաց նա: Վերջինս փոխանցեց, որ չի ներկայանալու ոստիկանություն:
«Ընտրական ցուցակների հետ կապված մենք հրատարակել ենք ազգային վիճակագրության ծառայության կողմից հրապարակված պաշտոնական թվեր, եւ լավ կլինի, որ ոստիկանությունը կամ դատախազությունը հրավիրի ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչներին եւ նրանցից իմանա, թե ինչպես են այդ թվերը ստացել, եւ ինչպես է, որ բնակչության նվազմանը զուգահեռ ընտրողների թիվն աճում է»,-հավելեց Սաքունցը:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ կապ հաստատել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, սակայն ապարդյուն:
Այսպիսով, ստացվում է, որ կարեւորագույն հայտարարություններ հնչեցրած գործիչները հրաժարվում են իրավապահ կառույցի հետ հանդիպել ու ներկայացնել կոնկրետ փաստեր եւ ապացույցներ:
Արփինե Թովմասյան