Այս տարվա 9 ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրված մեռելածին երեխաները 625-ն են եղել: Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 47-ով: Ընդ որում, բերված թվերը պաշտոնական են եւ հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Իսկ ի՞նչն է այս իրավիճակի պատճառը. հանրահայտ իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են` սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը: Բերված թվերը վկայում են, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով: Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա: Մյուս կողմից ողջ աշխարհում առողջապահությունն այն աստիճան է զարգացել, որ հղիության ընթացքում հնարավոր խնդիրները հնարավոր չէ դրանց ի հայտ գալու շրջանում չնկատել: Ուստի դրանց մեծամասնությունն անլուծելի կարող է դառնալ եւ անդառնալի հետեւանքների (մեռելածնության) հանգեցնել միայն բժշկի համապատասխան հսկողության բացակայության պատճառով: Իհարկե, պաշտոնապես Հայաստանում հղիների բուժսպասարկումն անվճար է: Սակայն իրականում Հայաստանում մեկ կամ երկու հիվանդանոց կարելի է գտնել, որտեղ առանց վարձատրության մարդուն անհրաժեշտ բուժսպասարկման ծառայություն կմատուցեն: Ուստի շատ հղիներ ֆինանսական խնդիրներ ունենալով՝ չեն կարողանում պարբերաբար բուժզննում անցնել, ինչի արդյունքում լինում են անդառնալի հետեւանքներ:
Իհարկե, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարող է տարբեր հիվանդանոցների ֆոնին լուսանկարվել, բայց դրանից Հայաստանի առողջապահության որակը չի փոխվում, եւ ոչ էլ բուժհաստատություն այցելողին իբրեւ եկամուտի աղբյուր դիտարկող բժշկի մարդկային ու մասնագիտական որակներն են բարձրանում: Ասվածի փաստացի ապացույցը վիճակագրական չարագույժ տվյալներն են:
Փարիզում այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստում պետք է քննարկվի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցի նախագիծը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, եթե անգամ փաստաթղթի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը այցելեր ԼՂՀ, ապա դրանից ոչինչ չէր փոխվի: «Այդ զեկույցը վաղուց պատրաստված է եղել, ընդամենը նա իր ստորագրությունն է դրել, այսպես կոչված, փաստաթղթի տակ: Այստեղ որեւէ ուրիշ բան չկա, կամ մի՞թե Դուք կարծում եք, որ նա գար այստեղ, կարող է ինչ-որ փոփոխություն լիներ, ոչ, ընդհակառակը, կասեր՝ գնացել եմ, ու տեսեք՝ ապացուցում եմ, որ իրավիճակն այնպիսինն է, ինչպես գրված է զեկույցում»,- ասաց Բաբայանը: Վերջինս նաեւ համոզված է, որ որեւէ մեկն այդ զեկույցին լուրջ չի վերաբերվի, եւ այն «թաղվելու է արխիվի փոշու մեջ, ուրիշ որեւէ ճակատագիր այդ զեկույցին չի սպասվում»:
Վերջին օրերին ՀՀ ոստիկանությունը տարբեր առիթներով հայտարարում է, թե ընտրացուցակների ուռճացված լինելու մասին փաստեր չկա, դրանց լինելու դեպքում իրենք պատրաստ են համապատասխան շտկումներ կատարել: Ընդդիմադիրներն էլ հրաժարվում են գնալ ոստիկանություն ու փաստեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը ուռճացման մեկ օրինակ է ներկայացնում. Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով իրենց մոտ գրանցված է 362 հազար 532 ՀՀ քաղաքացի: Ցանկության դեպքում ոստիկանությունը կարող է այդ քաղաքացիներին հանել ընտրողների ցուցակներից: Ավելին՝ կարող է ՌԴ իրավապահներից խնդրել եւ ստանալ նաեւ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող այն անձանց տվյալները, որոնք հաշվառված եւ բնակվում են Ռուսաստանում: Կարող են այլ երկրներում հաշվառված ՀՀ քաղաքացիների տվյալները եւս ստանալ: Բայց չեն անում, քանի որ այդ դեպքում ընտրողների ցուցակը մոտ 1 մլն-ով կպակասի եւ ընտրակեղծարարության հնարավորություններն էլ կնվազեն:
2016 թվականի պետական բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ 2014-2015 թվականներին, այսինքն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեության ընթացքում, ՀՀ կառավարության պարտքը աճել է 1 միլիարդ 151 միլիոն դոլարով: Այդ գումարից 894 միլիոն 200 հազար դոլարը բաժին է հասնում 2015 թվականին: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ կառավարությունն օրական պարտքով վերցրել եւ վերցնում է երկուսուկես միլիոն դոլար: Եկող տարի էլ ծրագրում են կառավարության պարտքը ավելացնել եւս 369 մլն դոլարով: Այն, որ եկող տարվա վերջին, ներկա կառավարությունն իր պաշտոնավարման մեկ տարի ութ ամսում Հայաստանի պետական պարտքը մեկուկես միլիարդ դոլարով ավելացրած կլինի, կարելի էր անտեսել, եթե այդ գումարները նպաստեին տնտեսության զարգացմանը: Բայց փաստն այն է, որ այդ գումարները տնտեսությունում ոչ մի դրական տեղաշարժ չեն հաղորդում, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ առանձին պաշտոնյաներ դրանց հաշվին իրենց ունեցվածքը շեշտակի ավելացնում են:
ԲԱՐՁԻԹՈՂԻ
Երեկ ՌԴ Տուլայի մարզի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ավտոբուսում եղել է 61 ուղեւոր, որոնցից զոհվել է 9-ը, վիրավորվել՝ 47-ը: Ավտովթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Շրջանառվող հիմնական վարկածներն են մեքենայի անսարքությունը եւ վարորդի` քնած լինելու հնարավորությունը: Վթարված ավտոբուսը պատկանում է «Քինգ Դելյուքս» ընկերությանը, որի սեփականատերը ոչ անհայտ Արթուր Հարությունյանն է, նույն ինքը՝ Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Պալաչը:
Իր քաղաքական հավակնությունների պատճառով ՀՀԿ-ից հեռացված Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է իր քավորի` Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած տարիների պատմություն ունեցող հակամարտությամբ, նաեւ հենց նրա շնորհիվ ժամանակին կարողացավ մարդկանց ահաբեկելով, խլելով, մրցույթներում «հաղթելով»՝ տիրանալ մի շարք երթուղիների եւ դառնալ ամենամեծ գծատերերից մեկը: Արդեն 5 տարի է` նա իրեն պատկանող 10 ավտոբուսներով զբաղվում է նաեւ Մոսկվա-Երեւան փոխադրումներով, եւ թերեւս քչերը կգտնվեն, որ կհավատան Ա. Հարությունյանի` երեկ հնչեցրած հավաստիացումներին, թե բացառվում է վթարված մեքենայի անսարքությունը: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան Պալաչի անձն է ու գործելակերպը, որքան առհասարակ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործող համակարգը:
Իրականում այսօր Հայաստանում որեւէ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը հնարավոր չէ բացառել` անգամ տեխզննության կտրոնի առկայության դեպքում, քանի որ, ինչպես հայտնի է, վերջին տարիներին արված «բարեփոխման» արդյունքում վարորդները հնարավորություն ունեն խուսափել իրական տեխզննությունից: Էլ չասած` հանրային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեքենաների մասին, որոնց տեխնիկական վիճակը ֆորմալ կերպով ստուգվում է միայն երթուղու մրցույթի ժամանակ, ինչից հետո գծատերերը շատ հանգիստ կերպով կարողանում են գիծը շահագործել նաեւ հնամաշ մեքենաներով:
Ասել է թե` որեւէ երթուղու մեքենաների սարքինության աստիճանը մեծ հաշվով թողնված է այդ ընկերության սեփականատիրոջ բարեխղճությանը: Եվ պատահական չէ, որ երեկվա այս ողբերգական վթարից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը չի կարողացել հստակ պատասխանել «Ազատության» հարցին` արդյոք նախարարությունը լիազորված է ծառայողական քննություն նշանակել:
Այս պահին, իհարկե, առաջնայինը վթարից տուժած մեր հայրենակիցներին եւ նրանց հարազատներին ցուցաբերվելիք աջակցությունն է` ինչպես բարոյական, այնպես էլ նյութական: Առայժմ ո՛չ «Քինգ Դելյուքսի» ղեկավարը, ո՛չ էլ պետական մարմիններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարել, եւ նաեւ այս հարցում հանրությունը պետք է հետամուտ լինի: Սակայն շատ կարեւոր է այն, որ, ի վերջո, գործուն քայլեր արվեն առկա համակարգային ամենաթողության այս վիճակը շտկելու ուղղությամբ: