ՀՀԿ-ն բոլորին «օգտագործում» է հանուն քարոզչության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը, չունենալով մարդկային ռեսուրսներ սահմանադրական հանրաքվեի վերահսկողության համար, սկսել է պրովոկացիաներ անել: Ըստ ՀՀԿ-ականի՝ իրենց թիմակիցները շատ են, ու բոլորն այս ժամանակահատվածում զբաղված են այո-ի քարոզարշավով, իսկ ընդդիմությունը, չկարողանալով իր ուզածին հասնել, սկսել է դեմագոգիայով զբաղվել:

-Պարո՛ն Բաղդասարյան, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները «Նույնականացման քարտերի մասին» օրենքի փոփոխությամբ ապացուցում են, որ իրենք ձայների խնդիր ունեն ու հենց այս օրենքի միջոցով են իրականացնելու ընտրակեղծիքները: Ինչո՞ւ չեք լսում ընդդիմության հորդորները` այս վիճահարույց օրինագծի քննարկումները հետաձգելու եւ ապացուցելու համար, որ դուք իրապես ցանկություն ունեք առանց ընտրակեղծիքների հանրաքվեն անցկացնել:

-Սկզբում հայտարարում էին 24 ժամյա ռեժիմ, հայտարարում էին, թե հրատապ է, նշում էին, որ ցանկանում են քննարկել, մենք էլ դա արտահերթով ենք անում, ժամանակ կար քննարկելու, ու սա միանշանակ լուծում է տալու այդ խնդրին: Սա պարզապես շահարկում է, սա դեմագոգիա է, ինչը Դուք լսում եք, սա ընդամենը արվում է՝ հանրության ուշադրությունը շեղելու համար: Թանաքն են մեջտեղ բերում, որպեսզի ժողովրդին զզվացնեն, նրանք այլեւս չգան ընտրության, սրանք պրովոկացիաներ են: Մենք շատ հստակ ասում ենք, որ մենք իրավունք չունենք 182 հազար ՀՀ քաղաքացիների զրկել իրենց ընտրական իրավունքից: Եթե տեխնիկապես դա հնարավոր լիներ, մենք դա կանեինք, իսկ մենք ասում ենք, որ առանձին ցուցակով են նշվելու նույնականացման քարտերով քվեարկածները: Ծրագրերը կան, իրենք կարող են ստուգել: Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ իրենք մարդկային ռեսուրս չունեն ու ամեն ինչը սարքում են մատի փաթաթան:

-Հայտարարում եք, որ ընդդիմությունը մարդկային ռեսուրս չունի, իսկ ընդդիմությունն էլ նշում է, որ Դուք օգտագործում եք իշխանական լծակները` ստիպելով, որ պետական գերատեսչություններում, նախարարություններում, դպրոցներում, մանկապարտեզներում աշխատող քաղաքացիները համագործակցեն այո-ի շտաբի հետ:

-Ընդամենը հարկավոր է հանձնաժողովներում ունենալ իրենց անդամին, ամեն մեկն էլ կարող է ինչ-որ բան մեկնաբանել, եթե մանկապարտեզի, դպրոցի ներկայացուցիչն այո-ի թիմի անդամ է, եթե իրենք ցանկանում են այո ասել, մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե դա Սահմանադրության խախտում է, ասեք, մենք էլ իմանանք: Մեր թիմն է, իսկ մենք էլ քարոզչություն ենք իրականացնում, իրենք էլ մեզ օգնում են այդ քարոզչությունն իրականացնելու համար, ես կարծում եմ այդտեղ որեւէ բան չկա, քանի որ այս ժամանակահատվածում բոլորն էլ իրենց թիմերի հետ քարոզչություն են իրականացնում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս