ՀՀ դեսպանը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ հավատարմագրերն է հանձնել Պանամայի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը` Մեխիկո) երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ նոյեմբերի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Պանամայի Հանրապետության նախագահ Խուան Կառլոս Վարելային, իսկ հավատարմագրերի պատճենները` երկրի փոխնախագահ ու արտգործնախարար Իսաբել դե Սենտ Մալո Ալվարադոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի առանձնազրույցը Պանամայի նախագահի, ինչպես նաև փոխնախագահ ու արտգործնախարարի հետ:

Երկրի նախագահը, գոհունակություն հայտնելով Պանամայում առաջին անգամ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի առնչությամբ, հաջողություն է մաղթել Գրիգոր Հովհաննիսյանին իր առաքելության իրականացման ընթացքում` հույս հայտնելով, որ այն հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես, տնտեսական և մշակութային բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ մեծ եռանդով կաշխատի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:




Լրահոս