Այժմ մեր գերխնդիրը Եվրոպայից չկտրվելն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Թբիլիսիում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը եւ հանդես եկել ելույթով: Նալբանդյանն իր խոսքում կարեւորել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը. «Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի քննարկումների արդյունքը արտացոլում է տարբերակման սկզբունքը,- ասել է նա` ապա պաշտոնական Երեւանի գոհունակությունը հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի թեւակոխման առթիվ,- ցանկանում եմ ուրախությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին եւ բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք կմեկնարկեն մոտ օրերս, եւ ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար»,- նշել է Նալբանդյանը։

Նկատենք, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ի կողմից եվրաինտեգրացման նոր փորձերը, կարծեք թե, այդքան էլ մեծ ոգեւորությամբ չեն ընդունվում ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ՀՀ-ում: Առաջինի դեպքում պարզապես փոխվել են առաջնահերթությունները, եւ այսօր Եվրոպան առանց այդ էլ ունի սեփական խնդիրների բավականին ծանր մի բեռ, որոնց լուծումների ուղղությամբ տեւական եւ լուրջ ջանքեր պետք է գործադրի` եվրոպական միասնականությունը չկորցնելու համար: Ինչ վերաբերում է հայաստանյան տրամադրություններին, ապա այստեղ արդեն հետզհետե ավելի է ամրապնդվում այն գիտակցությունը, որ առաջիկա տարիներին ՀՀ էլ ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվելու ՌԴ-ից` արդեն երկրի անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու օբյեկտիվ հնարավորությունն ապահովելու նպատակով:

Եւ ահա այս իրավիճակում ՀՀ-ի եւ ԵՄ միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը, իհարկե, չափազանց կարեւոր եւ ողջունելի քայլ լինելով հանդերձ, ցավոք, այլեւս չի կարող դիտարկվել որպես շրջադարձային եւ մեզ համար կենսական կարեւորություն ունեցող մի փաստ: Կարեւոր է, որ սա գիտակցում են երկու կողմն էլ: Ամեն դեպքում, ստորագրվելիք համաձայնագրից բացի՝ ՀՀ-ի համար շատ կարեւոր են այն բարեփոխումները, որոնք մեր իշխանություններն իրականացրել եւ իրականացնում են եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Անգամ եթե դրանց մի մասը առայժմ մնում է միայն թղթի վրա, վաղը կամ մյուս օրը այդ ամենը հիմք է ստեղծելու առավել ժողովրդավար եւ եվրոպական կառավարման համակարգի ձեւավորման համար: Իսկ առայժմ մեր գերխնդիրը Եվրոպայից չկտրվելն է, մինչեւ կգան ավելի լավ ժամանակներ:




Լրահոս