Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 8-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը սրտանց շնորհավորելով Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին Ծառայության 8-րդ տարեդարձի առիթով՝ մաղթեց հաջողություններ առաջադրված բարդ և պատասխանատու խնդիրների իրականացման գործում:
Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն իր խոսքում նշեց. «Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը դարձել է հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի գործում մեր երկրի առաջատար կառույցներից մեկը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Ծառայության ձեռքբերումներից մեկը մեր քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է, որի գրավականն, անշուշտ, երիտասարդ ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված քննիչներով Ծառայության համալրումն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին երկուսուկես տարում թե՛ Հայաստանի Հանրապետության Նախագահի և թե՛ Ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը դառնա մեր երկրի ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ ու անկաշառ քննչական կառույցը: Եվ պետք է առանձնահատուկ ընդգծեմ, որ սա այսօր, այլևս կայացած իրողություն է: Այսօր մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն պետական կառույց է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ի զորու է կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը»:
Առանձնացնելով Ծառայության ձեռքբերումները, Վահրամ Շահինյանն ընդգծեց, որ
առանցքային ձեռքբերումներից է համարում Ծառայությունում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետևողական իրականացումը: «Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում: Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է Ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը, թե՛ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց և թե՛ երկրի մյուս քաղաքացիների մոտ:
Հանգամանքների բերումով Ծառայության տեսադաշտում հայտնված անմեղ ոչ մի պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի չպետք է անհանգիստ լինի, քանզի Հատուկ քննչական ծառայությունում երաշխավորված է լրիվ, բազմակողմանի ու անաչառ քննության կատարումը,- իր ելույթում նշեց Հատուկ քննչական ծառայության պետն ու շարունակեց,- Ծառայության ձեռքբերումների մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված կառուցվածքային երեք ստորաբաժանումների՝ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության կայացման փաստը»:
Հատուկ քննչական ծառայության 8-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Վահրամ Շահինյանն ընդգծեց. «Գաղտնիք չէ, թե ինչքան աշխատատար, ծանր, բարդ ու պատասխանատու է քննիչի աշխատանքը, սակայն, ցավոք, միշտ չէ, որ այն ըստ արժանավույն է գնահատվում հասարակության առանձին անդամների կամ այլ կառույցների կողմից: Այս առումով արժի, որ մենք այսօր առանձնահատուկ ընդգծենք այն լավագույններին, որոնք իրենց ամենօրյա համեստ, քրտնաջան, անբասիր աշխատանքով ու պատվով են կատարում իրենց պարտականությունները, լուծում իրենց առջև դրված խնդիրները: Հայտնի ճշմարտություն է, որ քննիչի աշխատանքը մանրադիտակի տակ է. նրա կատարած աշխատանքը շտապում են գնահատել բոլորը՝ սկսած դատավարության մասնակիցներից ու նրանց հարազատներից մինչև պետական ու ոչ պետական համապատասխան կառույցներ, ու քննիչն իրավունք չունի փոքր ինչ թերանալու, բացթողումներ կատարելու: Ժամանակը խիստ պահանջներ է ներկայացնում քննչական ողջ համակարգի աշխատակիցներին և քննիչը իր պրոֆեսիոնալիզմով ու բարոյական հատկանիշներով պետք է պատրաստ լինի համընթաց գնալ ժամանակի հետ: Կարծում եմ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում խիստ կարևորվում է անկաշառ, մարդկային բարձր որակներով ու մասնագիտական պատշաճ գիտելիքներով օժտված քննիչի դերը»:
Վահրամ Շահինյանը կարևորելով գործընկեր ուժային կառույցների հետ տարվող ակտիվ համագործակցութունը՝ նշեց. «Հայտնի է, որ Հատուկ քննչական ծառայությունը միայն նախաքննություն իրականացնող մարմին է և մեր շատ ձեռքբերումներ չէին լինի, եթե մեր կողքին չլինեին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մեր գործընկեր դատախազները: Օգտվելով այս հիշարժան օրվա առիթից կուզենայի շնորհակալություն հայտնել նրանց համատեղ արդյունավետ աշխատանք կատարելու համար: Կարծում եմ, որ այսուհետ ևս իրավապահ հիշյալ կառույցների ու նորաստեղծ Քննչական կոմիտեի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է»:
Ելույթով հանդես եկած ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ծառայության գործունեության արդյունավետության մասին է վկայում 2013 թվականից մինչ օրս գրանցված ծանրաբեռնվածության աննախադեպ աճի վերաբերյալ վիճակագրությունը: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2015 թվականին ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը նախորդ տարիների համեմատությամբ մի քանի անգամ ավելացել է: Ծառայության վարույթում քննված քրեական գործերի քանակը 2012թ. կազմել է 204, 2013թ.՝ 239, 2014թ.՝ 546 գործ, այսինքն՝ ավելին, քան նախորդ երկու տարիներին քննված գործերի քանակը միասին վերցված, 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ծառայությունում քննված գործերի քանակը արդեն իսկ գերազանցել է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ի դրությամբ ծառայության քննիչների վարույթում քննված գործերի քանակը հասել է շուրջ 700-ի,- նշեց Վլադիմիր Հովհաննիսյանն ու շարունակեց,-Ծառայության քննիչների ծանրաբեռնվածության մասին առավել ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել, որ քննված գործերի հետ մեկտեղ ընթացիկ տարվա ընթացքում ծառայության քննիչների վարույթում նախապատրաստվել է 372 նյութ, քննարկվել և ընթացք է տրվել 1533 դիմումի:Ներկայացված վիճակագրական տվյալներից, հատկապես դիմումների քանակի զգալի աճից ելնելով` կարելի է եզրակացնել, որ բարձրացել է հանրության վստահությունը հատուկ քննչական ծառայության ու նրա գործունեության նկատմամբ:
Իսկ նկատի ունենալով, որ միայն ընթացիկ տարում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նախաքննություն կատարող այլ մարմինների վարույթից վերցրել և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է հանձնել 77 քրեական գործ, կարող ենք արձանագրել, որ ծառայությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է դառնալ օրինակելի, ուղենիշային քննչական մարմին` նախաքննություն իրականացնող մարմինների համակարգում»։
Ըստ Վլադիմիր Հովհաննիսյանի՝ Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ ապահովվել են ծառայության իրական անկախությունը, ծառայության ծառայողների գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչական աշխատանքներում ապահովվել է նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը։ «Հավատացած եմ, որ ծառայության ծառայողների անմնացորդ նվիրման, մասնագիտական փորձի և գիտելիքների շնորհիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այսուհետ ևս պատվով կկատարի միջազգային չափորոշիչներին համապատասխանող քննչական մարմնի իր առաքելությունը, որի գործունեությունն էապես կնպաստի իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,- իր ելույթում ասաց Վ. Հովհաննիսյանը:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը: Վերջինս ներկայացնելով Ծառայությունում կատարված բարեփոխումներն ու ձեռքբերումները՝ նշեց. «Այսօր ունենք իրավապահ մյուս կառույցների շարքում իր անփոխարինելի դերն ամրապնդած, մարտունակ, իրավական պետության կառուցման ճանապարհին պայքարի իր տեղամասն անխոցելի պահող, իր առջև դրված խնդիրները զուսպ, նպատակասլաց, հետևողական, օբյեկտիվ և անաչառ կատարող անկախ կառույց»:
Ասենք, որ ելույթներով հանդես եկան նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ Աշոտ Հոկոբյանը, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Ավետիսյանը, Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը, Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Ալիկ Ստեփանյանը եւ Ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժնի պետ Հմայակ Զաքոյանը:
Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության Ծառայության կազմավորման 8-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի հրամաններով խրախուսվեցին Ծառայության մի շարք ծառայողներ: