«Զինված հանցախմբի» կանայք խնդրել են իրենց չպիտակավորել. ոչ ոք մեղադրանքը չի ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ձերբակալված, ապա` կալանավորված 21 անձանց են այցելել Օմբուդսմենի տեղակալն ու արագ արձագանքման վարչության պետը:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՄԻՊ գրասենյակից: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ երեկոյան այցելել են կալանավորված 5 կանանց՝ Մարինե Կատանյանին‚ Ասյա Մկրտչյանին‚ Նելի Մինասյանին‚ Լիլիթ Թորոսյանին և Սրբուհի Այվազյանին, նաև` «զինված հանցախմբի պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանին, իսկ շաբաթ օրը՝ մյուս կալանավորներին:

Նշենք, որ կանայք  և Արթուր Վարդանյանը գտնվում են Ձերբակալվածների պահման վայրում:

Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույց են ունեցել Արթուր Վարդանյանի հետ‚ ով հայտնել է‚ որ որևէ բողոք չունի ՁՊՎ-ի կամ ՔԿՀ-ի պահման պայմաններից‚ իր նկատմամբ վերաբերմունքից‚ սակայն ինքնազգացողությունը փոքր-ինչ վատ է եղել‚ ինչի առթիվ Օմբուդսմենի ներկայացուցիչները համապատասխան միջոցներ են ձեռնարկել: Վարդանյանը խնդրել է նաև հնարավորության դեպքում այցելել կալանավորված մյուս անձանց նույնպես, հատկապես` աղջիկներին:

Այնուհետև Օմբուդսմենի ներկայացուցիչները Ոստիկանության ՁՊՎ-ում հանդիպել են ձերբակալված 5 կանանց: Առանձնազրույցի ընթացքում նրանք նույնպես որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքից‚ նշել են‚ որ որևէ բռնություն իրենց հանդեպ չի կիրառվել և վարչակազմից բողոքներ չունեն: Տեղեկացրել են նաև‚ որ իրենք ունեն փաստաբաններ: Վերջիններս խնդրել են ասել իրենց հարազատներին‚ որ իրենց ինքնազգացողության հետ կապված այս պահին խնդիրներ չունեն:

Բոլոր 5 կանայք նշել են‚ որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը‚ և խնդրել են փոխանցել որոշ լրատվամիջոցների և առանձին անհատների‚ որ մինչև քննության ավարտը չպիտակավորեն իրենց և հարգեն իրենց անմեղության կանխավարկածը:




Լրահոս