ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ փաստաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակմանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հիշեցրել էր, որ նա ժամանակին ծեծել էր ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին, որի գործը հասել էր մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ որտեղ Վիրաբյանը հաղթել էր:
 Հիշեցնենք, որ Վիրաբյանին ոստիկանությունում այնպիսի դաժանությամբ էին ծեծել, որ վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները հեռացրել էին նրա ամորձիները` հարազատներին ասելով, որ եթե նա մեկ ժամ ուշ տեղափոխվեր հիվանդանոց, ապա նրա կյանքը չէր հաջողվի փրկել: Երեկ Վիրաբյանն «Առաջին լրատվական»-ին ասել է. «Ես ասում եմ ոչ թե միայն նրա համար, որ Ա. Կարապետյանն անմիջական մասնակցություն է ունեցել իմ դեմ կազմակերպված հանցավորությանը, այլ այն պատճառով, որ վերջինս սիգարետ էր հանգցրել մի աղջկա վրա, այս պահին անունն ուղղակի չեմ հիշում: Սա իշխանության դեմքն է. ամեն քայլափոխի իր նշանակումների միջոցով իշխանությունը ցույց է տալիս իր իսկական դեմքը: Ես խոստանում եմ, որ անպայման վրեժ եմ լուծելու ոչ միայն իմ, այլեւ այդ աղջկա համար: Աշոտ Կարապետյանի նման տականքներին պետք է պատժել, անպայման մի օր հասնելու եմ դրան. նրանք հասարակության մեջ պետք է տեղ չունենան եւ անպայմանորեն պետք է պատժվեն»:
Մասնավորեցնելով իր միտքը՝ Գ. Վիրաբյանը նշել է. «Ինձ 2004թ. ապրիլի 24-ին զենք ունենալու կասկածանքով տարան ոստիկանություն, սադրանքների ենթարկեցին, քրեականի պետն ինձ հայհոյեց եւ հարվածեց, ես էլ դիմեցի ինքնապաշտպանության եւ հարվածեցի իրեն: Հետո եկավ Ա. Կարապետյանը, որը հրամայեց ձեռնաշղթաներ հագցնել, նա ինձ առաջին խոշտանգողներից մեկն էր: Այդ տղան հոգեկան խանգարումներ ունի, ես միգուցե իրավունք չունեմ ասելու, բայց միայն նրա կառուցվածքը ցույց է տալիս, որ նա հոգեկան խանգարումներ ունի: Մեկ գիշերվա ընթացքում ինձ 4 անգամ ցավազրկող ներարկեցին, բժիշկներն ինձ ուզում էին հիվանդանոց պառկեցնել, վիճակս ծանր էր, առավոտյան հարկադրաբար տարան վիրահատության: Իմ բացատրության մեջ ես մանրամասն նշել եմ, որ զենք ունենալ չէի կարող, նույնիսկ ժամանակացույցը չէր համընկնում»:
Ըստ Գ. Վիրաբյանի՝ այս ամենի հետեւում կանգնած էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Որպեսզի ոստիկանները չպատժվեն, նա հետագայում Ռոբերտ Քոչարյանին ասել էր, թե ես Քոչարյանին «մեր եմ հայհոյել», որի հետեւանքով ոստիկաններն ինձ հետ այդպես են վարվել»: Վիրաբյանի պնդմամբ` հիմնական վնասվածքները նա ստացել է Ա. Կարապետյանից, որը երկաթի կտորներով, չհրկիզվող պահարանի երկաթե բանալիներով հարվածել է իրեն:
Հ.Գ. Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Իմեդիա»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս