ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Լուսանկարը շատ դիպուկ բնորոշում է Հայաստանում այսօր տիրող իրավիճակը: Երկիր, որտեղ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 900.000-ից ավել բնակիչներ ապրում են աղքատության պայմաններում, իսկ ավելի քան 70.000-ը՝ թերսնվածության պայմաններում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե ծառայողական քննություն է անցկացվում, ապա այդ ընթացքում շարունակվո՞ւմ է քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը, թե՞ ժամանակավոր դադարեցվում է այն:
Ալբերտ Հունանյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես հավելում նշենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով զրկվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իավունքից, տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ աշխատանքային ստաժի համար: Այսինքն՝ ի՞նչ փաստաթղթով է հաստատվում աշխատանքային ստաժը: Եվ կցանկանայի իմանալ՝ սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք ովքե՞ր ունեն:
Գայանե Հայրապետյան (53 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ եւ չի աշխատում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ սահմանված օրենքի համաձայն՝ կենսաթոշակի տեսակները հետեւյալն են՝
1. ապահովագրական՝ 1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի
2. սոցիալական՝ 1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում: