Ապրիլի 23-ին ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցել են Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը, Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Դիարբեքիրի փաստաբանների կոլեգիայի նախագահ Թահիր Էլչին, մեծ թվով գրողներ, մտավորականներ, իրավապաշտպաններ:
Սարաֆյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի նախօրեին 2 մլն-ից ավել հայ է բնակվել, որից 80 հազարը` Դիարբեքիրում:
Հայազգի պատմաբանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման գաղափարական հիմքը եղել է Օսմանյան կայսրության իսլամականացումն ու թյուրքացումը:
Կոնֆերանսի մասնակիցներն ավելի ուշ Դիարբեքիրի կամրջից մեխակներ են նետել Տիգրիս գետի մեջ` այդ վայրերում սպանված հայերի հիշատակին: