Արամ MP3-ը հանկարծակի դարձել է Հայաստանի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ «Վիտամին» հումորային ակումբը փակվեց, եւ խմբի տղաները ցրվեցին` իրենց գործունեությունը ծավալելով ամենատարբեր նախագծերում: «Ժողովուրդ»-ը ակումբի նախկին անդամ Արամ MP3-ից հետաքրքրվել է, թե բացի երգչի իր կարիերայից` ուրիշ ինչով է զբաղված վերջինս «Վիտամին»-ի գործունեության դադարից հետո:

slug-821

Նա մեզ տեղեկացրեց, որ նկարահանվել է նոր ռոմանտիկ կատակերգությունում, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է. «Ես առաջին անգամ նկարահանվել եմ ֆիլմում, այսինքն` հանդիսատեսը կտեսնի իմ դեբյուտը: Կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա փետրվարի 19-ին: Այնտեղ ես մարմնավորել եմ մի մարդու, ով հանկարծակի դարձել է ՀՀ նախագահ: Կարծում եմ` հետաքրքիր է ստացվել. այս սցենարով ֆիլմ Հայաստանում դեռ չի նկարահանվել: Իմ կերպարի միջոցով, հումորային լուծումներ կիրառելով` փորձել ենք ցույց տալ, թե ինչ կլիներ, եթե սովորական քաղաքացին դառնար նախագահ: Կարծում ենք՝ բոլոր մարդիկ էլ երբեւէ ունեցել են նման ցանկություն, թեկուզ մանկական երազանք, ուստի հետաքրքիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, երբ այդ հնարավորությունը արդեն ընձեռվել է»,-մեկնաբանեց Արամ MP3-ը:

AP4_6894

Նոր ֆիլմում ընդգրկված են նաեւ դերասաններ Դավիթ Թադեւոսյանը, Լեւոն Հարությունյանը, Աննա Գրիգորյանը եւ այլք: Սցենարը գրել են «Արմքոմեդի» հումորային ծրագրի հեղինակներ Նարեկը եւ Սերգեյը:

Արամի խոսքով` ինքը մինչեւ գործընթացի սկսվելը շատ է նյարդայնացել, սակայն, ի վերջո, հաղթահարել է փորձությունը:

aram3

Ի դեպ, Արամն այժմ զբաղված է նաեւ մեկ ուրիշ, մեծ ծրագրով. երգիչը հաջորդ տարվա ապրիլի 7-ին նախատեսում է հանդես գալ մեծ մենահամերգով, որը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Սա իմ առաջին մենահամերգն է, հիմա օր ու գիշեր դրանով եմ զբաղված: Ծրագրում եմ ներկայացնել իմ երգերը, հայտնի հիթերի cover տարբերակներ, որոնք սիրվել են ժողովրդի կողմից, կլինեն նաեւ մի շարք անակնկալներ: Համերգիս տոմսերը մատչելի կլինեն, բարձր գներ սահմանելու նպատակ չունեմ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս