Նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից «հանցավոր խմբավորման վնասազերծման» գործընթացը դեռևս չի ստացել մինչ օրս հնչող բոլոր հարցերի պատասխանները:
Մարդիկ շարունակում են չհավատալ
Այն, որ բարձրաստիճան պաշտոնյաների և պատկան մարմինների՝ ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի կողմից գնահատականներ և հանրությանն ուղղված հորդորներ հնչեցվեցին, դեռևս չի նշանակում, որ մարդկանց մոտ կատարվածի շուրջ եղած թերահավատությունը մարեց:
Սերժ Սարգսյանը, օրինակ, լրագրողների հետ հանդիպմանը հռետորական հարց էր հնչեցրել. «Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Ձեր կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին»:
Այո՛, այս խոսքերը երկրի առաջին դեմքն է հնչեցրել: Իսկ ահա ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը թերահավատ «մասնագետներին» հորդորել էր շնորհակալություն հայտնել իրենց կյանքի վտանգի տակ դրած հատուկ ջոկատայիններին, որ մեծ ահաբեկչություն են կանխել: Նմանատիպ հորդորներով հանդես էր եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Եվ ահա այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով «հանցավոր խմբավորման վնասազերծմանը», նախ բարձր է գնահատել ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների գործողությունները, ապա ասել, թե կարևոր չէ՝ գնդակն ում ուղղված կլիներ՝ պաշտոնյայի, թե շարքային քաղաքացու. փաստն այն է, որ աննախադեպ խոշոր չափերով զենքը մի օր պետք է կրակեր:
Եվ այստեղ է, որ տրամաբանական հարցն է առաջ գալիս՝ ախր ինչո՞ւ մարդիկ այդպես էլ մինչև վերջ չեն կարողանում հավատալ, որ կանխվել է ահաբեկչություն: Աներեր հանրությունը, թերևս, շարունակում է մնալ այն համոզմանը, որ, ինչպես ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն է բնութագրել, ԱԱԾ-ի «մասկի շոուն» դեկտեմբերի 1-ի հանրահավաքից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ուներ, ո՛չ ավելին: Կամ էլ Ազգային անվտանգության ծառայությունը փորձ էր արել վերջին մի քանի տապալված դեպքերից հետո մաքրել սև էջերը: Թե որքանով է փորձը հաջողվել, թող դատի ՀՀ քաղաքացին:
Որոնք են մինչ օրս ձեռք բերված փաստերն ու շրջանառվող վարկածները
Ինչևէ, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք այս պահին: Նախ հիշեցնենք, որ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Խումբը նպատակ է ունեցել մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել Հայաստանում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ խժմբի թիրախը եղել են Նախագահականը, Ազգային ժողովն ու Կառավարությունը:
Որոշ լուրերի համաձայն՝ «բացահայտված զինված խմբի» ֆինանսավորման «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, թե զենքը մոտ 100 հազար դոլար արժողությամբ էր, իսկ այդքան զենք Հայաստանում ձեռք բերել և տեսադաշտում չհայտնվել հնարավոր չէ, և հենց դրանով էլ ԱԱԾ-ն դուրս է եկել խմբի հետքի վրա։ 2 ամիս հետևել են՝ գաղտնալսել։ Նույն լուրերով, ըստ ամենայնի, զենքը Ղարաբաղի պատերազմ է անցել:
Հարկ ենք համարում նկատել, որ սկզբում 10, իսկ այսօր արդեն ըստ որոշ տեղեկությունների՝ 25 կալանավորներից որևէ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնել է, որ կալանավորներն իրենց այցելած դիտորդներին խնդրանքով են դիմել՝ օգնել հանդիպել իրենց կալանավոր ընկերներին:
Կալանավորներն իրենց «ազգի փրկիչներ» են անվանել: Իսկ դեպքից հետո մարդկանց մի որոշ խումբ խմբի անդամներին ակտիվորեն «տեռորիստներ» անվանեց: Նրանք էլ Հայաստանի տարբեր ծայրերից, տարբեր մասնագիտության տեր մարդիկ են: Թեպետ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարել էր, թե խմբի անդամները գործազուրկներ են:
Հայտնի է նաև, որ դեպքից առաջ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացնում էին ինքնաձիգով զինված և ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները ևս սովորականից ավելի մանրամասն էին ստուգում: Ի՞նչ էր տեղի ունեցել, արդյո՞ք ԱԺ-ին ինչ-որ վտանգ էր սպառնում, ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել էր. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»:
Մինչդեռ, տարօրինակ զուգադիպությամբ՝ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը հայտնի դարձավ, որ կազմակերպված հանցավոր խմբավորում է հայտնաբերվել և վնասազերծվել: Ավելին, ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր խմբավորումը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Մտահոգությունները, կարծես, խմբի վնասազերծումից հետո էլ շարունակում են մնալ: Քանի որ ԱԺ-ն և Կառավարությունը նույն հսկողության տակ է: Եվ այսօր Գևորգ Կոստանյանը բացել է փակագծերը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Այսպիսով՝ չի բացառվում, որ խմբի անդամների շրջանակները դեռևս կընդլայնվեն: Սա փաստում է նաև այն հանգամանքը, որ դեպքի հենց հաջորդ օրը հայտնի դարձավ, որ խումբը ոչ թե 10, 19, 21, այլ 25 անդամ ունի: Նրանք, ի դեպ, առանձին խցերում են պահվում. բոլորն էլ միայնակ են:
Իրավապահ համակարգը, մշտապես հղում անելով նախաքննությանը, հայտարարում է, որ որևէ տեղեկություն տալ չի կարող: Այս կաղապարների մեջ են նաև կալանավորների շահերի պաշտպանները: Վերջիններս խուսափում են ինֆորմացիա տալուց՝ միաժամանակ նշելով, որ նույնիսկ իրենց պաշտպանյալների հետ շատ բան չեն խոսում. ԱԱԾ-ում պատերն էլ ականջներ ունեն:
Իսկ այն, որ խմբի անդամներին ճանաչողները առանձնացնում են նրանց հայրենասիրությունը, ազգին նվիրվածությունը և պայքարի մեծ ոգի ունենալու հանգամանքը, ևս հարցերի տեղիք տալիս:
Մնում է շարունակել սպասել նոր բացահայտումներին:
Տաթև Հարությունյան