Ընտրախախտումների վերաբերյալ 135 հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 հաղորդում, լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը: Նրա խոսքով՝ դրանցով նախապատրաստվել են նյութեր, և արդյունքներով կայացվել են դատավարական որոշումներ: Հաղորդումներից 124-ը վերաբերել է Երևանում, 77-ը՝ մարզերում արձանագրված ենթադրյալ խախտումներին:

Ի դեպ, Տավուշի մարզից ընտրախախտումների մասին ահազանգ չի եղել:

Թամազյանը նշեց, որ Քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում կամ 92.1 տոկոսի դեպքում անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ 2015թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ ստացված 201 հաղորդումների, հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ, 135-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ: Արամ Թամրազյանի խոսքով՝ նախաքննության մարմնի կողմից կատարված վերլուծություններ ցույց են տվել, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի հիմնական մասը վերաբերում է այնպիսի ընտրախախտումների, ինչպիսիք են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների լրազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված): Եղել են նաև հրապարակումներ և ահազանգեր հանձնաժողով անդամների վրա ճնշում գործադրելու, ընտրակաշառք բաժանելու կամ առաջարկելու, լցոնումներ կատարելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերի մոտ անձանց և մեքենաների կուտակումների, ավտոմեքենաներով քվեարկողներին տեղամասեր տեղափոխելու մասին:

Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի փոխանցմամբ՝ տվյալները դեռևս կարող են փոփոխվել, քանի որ կարող են ստացվել նոր հաղորդումներ: Նա նշեց, որ 12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևանում արձանագրված առերևույթ հանցագործությունների փաստով, 4-ը՝ մարզերում արձանագրված առերևույթ հանցագործությունների փաստով:

Երևանում հարուցված քրեական գործերի պատկերն ըստ տարածքների՝ հետևյալն է՝

Կենտրոն և Նորք-Մարաշ՝ 5 գործ (թիվ 10/15, 10/14, 10/20, 9/12 ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված, 9/16 ընտրատեղամաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված)

Ավան և Նոր Նորք՝ 1 գործ (թիվ 2/32 ընտրատեղամաս ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)

Մալաթիա-Սեբաստիա՝ 1 քրեական գործ (թիվ 8/08 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)

Շենգավիթ՝ 1 քրեական գործ (թիվ 11/03 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):

Մարզերում պատկերը հետևյալն է՝

Կոտայքի մարզ՝ 1 քրեական գործ (թիվ 26/29 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված)

Լոռի՝ 2 քրեական գործ, որոնցից 1-ը Վանաձորում (թիվ 30/21 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)

Սպիտակում (թիվ 29/25 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)

Վայոց Ձորում՝ 1 քրեական գործ (թիվ 39/39 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):

Արամ Թամազյանը տեղեկացրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 149-ր հոդվածով հարուցված 2 քրեական գործերը և 3 նյութ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ա. Թամազյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի մի որոշ մասում՝ որպես դիտորդների լիազորությունների խոչընդոտում, ներկայացվել է ընտրողների ստորագրված ցուցակներին հետևելուն, դրանցում եղած տեղեկատվությանը ծանոթանալուն, լուսանկարելուն, տեսանկարահանման արգելք հանդիսանալը:

Սակայն նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են լուսանկարել և տեսանկարահանել քվեարկության ամբողջ ընթացքը՝ չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը, իսկ Ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածը սահմանում է, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:

Կան լցոնումների վերաբերյալ ընդհանրական ահազանգեր (14/21, 14/15, 37/13, 27/45, 28/16), սակայն այդ մասին հանձնաժողովների անդամների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ոչինչ չի նշվել, ընդհակառակը՝ հերքվել են: Ըստ նրա՝ մեկ այլ հրապարակման մեջ նշվել է, որ Գյումրում բռնություն է կիրառվել Մուշ թաղամասում տեղակայված 34/14 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի նկատմամբ: Ըստ նրա՝ լսվել են հանձնաժողովի անդամները և Վահագն Խաչատրյանը, ովքեր բացառել են նշված հանգամանքը. հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ ինքը որևէ լրատվամիջոցի չի ահազանգել.

«Այս և նմանատիպ հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույնքան իրավախախտումների մասին»:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում.




Լրահոս