Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման 3 պայման է նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլը պետք է անի Անկարան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Կառլովի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն 3 պայմանի իրականացման դեպքում:

Առաջին հերթին, Անկարան պետք է ներողություն խնդրի Սու-24-ի կործանման համար: Երկրորդ հերթին, գտնի և պատժի ողբերգության մեղավորներին: Եվ երրորդ հերթին, Թուրքիան պետք է հատուցի ինքնաթիռի կործանման վնասը:

«Եթե մեր սպասելիքները չարդարանան, ապա Թուրքիայի հետագա հայտարարությունները չեն կարողանա փոխել իրավիճակը՝ չնայած նրան, որ Թուրքիան հանդես է գալիս երկխոսության օգտին, ինչպես նաև հայտարարություններ անում»,-ասել է Կառլովը:

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24-ը կործանվեց թուրքական կործանիչի կողմից: Անկարան հայտարարեց, որ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը:

Հարաբերություններն էլ ավելի վատթարացան դեկտեմբերի 13-ի առավոտյան Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով. «Սմետլիվի» ռուսական ռազմական նավը, որը գտնվել է Էգեյան ծովի հյուսիսային հատվածում հունական Լեմնոս կղզուց 22 կմ հեռավորության վրա, նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը 600 մետրի վրա մոտեցել է ռուսական նավին: Միջադեպի հետ կապված՝ ՌԴ ՊՆ-ն բացատրությունների համար կանչել է Թուրքիայի ռազմական ատաշեին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս