ՀԱՅՏՆԻ ԿԼԱՆԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՄՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ստացել է 3,3 միլիարդ դրամի զուտ շահույթ եւ որոշել այդ գումարից 297 մլն դրամն ուղղել շահութաբաժինների վճարմանը: «Ֆլեշ» ՍՊԸ-ն, հանդիսանալով բանկի խոշոր բաժնետեր (69%), որոշել  է անցյալ տարվա շահութաբաժինների 69%-ը՝ 205 մլն դրամ (մոտ 500 հազար ԱՄՆ դոլար), բանկից տրամադրել «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին՝ Սերժ Սարգսյանի քավորին: Կկարծեք, թե իրականում ոչ մի տարօրինակ բան չկա այս ամենում, սակայն ուշագրավն այն է, որ վերջին տարիներին բոլոր գործարարները բողոքում են տնտեսական ճգնաժամի հետեւանքով կրած կորուստների չափից, սակայն դիզվառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը շարունակում է բարգավաճել:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես հենց Բ. Բեգլարյանի դեպքում:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Ամեն բանկ ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել իր ծախսերը: Ես միշտ ասել եմ, որ բանկային համակարգը միշտ չէ, որ ծառայում է իրական հատվածին, սակայն այստեղ նրա հայեցողությունն է, եւ նա է որոշում՝ ում ինչ, ինչքան: Իսկ ինչ վերաբերում է վառելիքի շուկային, ապա այն միշտ զարգացում է ապրում, ինչպես «Ֆլեշ»-ի, այնպես էլ մնացած ընկերությունների դեպքում: Եթե լիներ գյուղատնտեսության ոլորտում, ապա այստեղ տարօրինակություն կլիներ, բայց այս հարցում ես օրինաչափություն եմ տեսնում, քանի որ վառելիքի շուկան միշտ էլ շահութաբեր է:

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բ. Բեգլարյանը հայտնի կլանի առանցքային դեմքերից է, եւ եթե իմ դեմ երեք դատական գործերով հետապնդումներ են իրականացնում՝ Հայաստանի քաղաքագետների միությունը սնանկացնելու եւ ունեզրկելու նպատակով, ապա միանգամայն տրամաբանական է, որ այդ նույն ժամանակաշրջանում կլանի ներկայացուցիչները պետք է բազմապատկեն իրենց հարստությունը: Մի տեղից պետք է պակասի, որպեսզի մի այլ տեղում ավելանա: Այնպես որ, խլելը, թալանելը եւ հարստանալը նույն մեդալի երկու կողմերն են: Ձեզ չէ, որ պետք է այդ մասին ասեմ, քանի որ օլիգարխները ոչ միայն Հայաստանի քաղաքագետների միությունն են ձգտում դատական մահակի գործի դրմամբ կողոպտել, այլեւ լրատվամիջոցներին, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին՝ գործարար Խաչիկի կողմից:

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ քաղաքագետների միության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս