Ներկայացնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը երեկվա հանրահավաքում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թեեւ այս հանրահավաքը նվիրված է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, սակայն քանի որ մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե տասը ամիս, կարծում եմ հարկ կա, մինչեւ այդ հարցին անդրադառնալը, թեկուզ համառոտակի գնահատել նշված ժամանակամիջոցում Հայաստանում տեղի ունեցած մի ավելի կարեւոր իրադարձություն: Ես նպատակահարմար եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ ընտրություններին վերաբերող հետեւյալ ամփոփիչ արձանագրումները.
1. 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների եւ ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները եւ երկիրը հինգ տարի եւս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ։
2. Դրա հետ մեկտեղ, ժողովրդի մեծամասնությունը եւս մեկ անգամ շառաչուն ապտակ հասցրեց ատելի ռեժիմին` պաշտոնական տվյալներով անգամ 42 տոկոս քվե ապահովելով ընդդիմության թեկնածուների օգտին, այն էլ ոչ թե, այսպես կոչված չար, այլ բարի ընտրությունների պարագայում, ինչից դժվար չէ պատկերացնել, թե ընտրակեղծարարության եւ բռնաճնշումների բացակայության դեպքում քանի իրական ձայն կստանար Սերժ Սարգսյանը։
3. Միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները, ինչպես եւ սպասվում էր, նորից աչք փակեցին ընտրությունների ընթացքում կատարված համակարգային օրինախախտումների վրա եւ, առաջնորդվելով աշխարհաքաղաքական նկատառումներով կամ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կայունությանը ստորադասելու սկզբունքով, կրկին սատար կանգնեցին Ս. Սարգսյանին։ Ի դեպ, նշանակալից է, որ ի տարբերություն 2008-ի ընտրությունների, նրան այս անգամ շնորհավորեց նաեւ ԱՄՆ նախագահը։
4. Հակառակ միջազգային հանրության դիրքորոշմանը, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքները եւ, հետեւաբար, Ս.Սարգսյանին ՀՀ օրինակարգ նախագահ չի համարում, ինչպես չի համարել նրա կառավարման ողջ առաջին ժամկետում։ Ընդ որում, ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի ժողովրդի դրսեւորած անվստահության փաստն այնքան ակնհայտ է, որ դա հարկադրված են ընդունել ու խիստ մտահոգիչ համարել նույնիսկ միջազգային կազմակերպությունները։ Մինչդեռ մտահոգիչ համարելուց բացի, սկզբունքային ու հետեւողական լինելու դեպքում այդ կազմակերպությունները տվյալ փաստից պետք է անեին բոլորովին այլ եզրակացություն, ինչը, սակայն, ըստ երեւույթին, չի մտնում նրանց հաշիվների մեջ։
5. Կառավարման երկրորդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը, մասնավորապես Տ.Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու փաստը եւ Տ.Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում «վերընտրելուն» ուղղված ահռելի ջանքերը, ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգեւորված միջազգային հանրության օրհնությունից, թքած ունի երկրի հասարակական կարծիքի վրա եւ ամենեւին մտադիր չէ ոչ միայն հրաժարվելու ավազակապետության մինչ այժմ որդեգրած հանցավոր վարքագծից, այլեւ թեկուզ չնչին բարեփոխումների որեւէ տրամադրություն ցուցաբերելու։ Ուստի կասկած չկա, որ առաջիկա տարիներին, ինչպես անցյալում, նա առաջնորդվելու է ոչ թե երկրի ու ժողովրդի շահերով, այլ 2018 թվականին որեւէ մի հարմար ժառանգորդի կերպարանքով ռեժիմի վերարտադրությունն ապահովելու անթաքույց նպատակադրությամբ։
6. Ասվածը չի նշանակում, անշուշտ, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ բարեփոխումների բեմականացմամբ կամ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի նմանակությամբ (իմիտացիայով)։ Ընդհակառակը, նման տիպի թատերական միջոցառումները գնալով շատանալու են` մի կողմից հասարակությանը մոլորեցնելու, մյուս կողմից` արտաքին աշխարհին հաճոյանալու ու նրա գովեստներին արժանանալու նպատակով։ Իրականում, սակայն, կեղծ-բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Ս.Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ-լոյալ տարրերից ազատվելու ու նրանց հաշվին սեփականության վերաբաշխման եւ երկրի հարստությունը իրեն հավատարիմ ավելի նեղ շրջանակի ձեռքում կենտրոնացնելու խնդիրը՝ այն դիտելով որպես վերը նշված միակ նպատակի իրագործման, այն է` 2018-ին ռեժիմի վերարտադրության, նույնն է թե, սեփական անձեռնմխելիության ապահովման գրավականը։
Անկախ կատարված արձանագրումներից՝ Ս.Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենեւին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, եւ որ օրօրի նա ավելի է թուլանալու։ Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի եւ անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած եւ ծավալման միտումներ դրսեւորող գզվռտոցը, ինչպես նաեւ ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Ս.Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ։
Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ այդմ, պետք է դիտարկել ու իմաստավորել բացառապես վերը շարադրվածի կոնտեքստում եւ քաղաքական ընդդիմության ռազմավարությունն ու գործնական քայլերի ծրագիրը կառուցել տվյալ հիմքի վրա, այլապես ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը երաշխավորված չեն լինի հերթական սխալներից ու նոր հիասթափություններից։
Հակառակ ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու եւ Երեւանի քաղաքապետի դերը աղբահանության գործառույթի հանգեցնելու ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերին, կարծում եմ՝ չկա մի բանական էակ, ով չհասկանա, որ դրանից ավելի կարեւոր քաղաքական հարց այսօր Հայաստանում գոյություն չունի եւ գոյություն չի էլ ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, քանի որ ավագանու ընտրություններում լուծվելու է ոչ թե սոսկ քաղաքապետի, այլ, առանց չափազանցության, ռեժիմի ճակատագիրը։ Այսինքն՝ այն, ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության եւ ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երեւանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։
Գիտակցելով, որ ընդդիմության մաքսիմում-ծրագիրը պետք է լինի Երեւանի ավագանու կազմում մեծամասնության ապահովումը, իսկ մինիմում-ծրագիրը՝ Հանրապետական կուսակցության համար 40%-ից ցածր քվեների արձանագրումը, Հայ ազգային կոնգրեսը միակողմանիորեն, առանց նախապայմանների, իր համար սահմանել է քարոզարշավային հետեւյալ կանոնները.
– Քննադատության միակ թիրախ դարձնել իշխանական կոալիցիան ներկայացնող ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին.
– Հակաքարոզչությամբ չզբաղվել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ նրանցից որեւէ մեկը չի հարգի այս կանոնները.
– Չանել որեւէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի ձեւավորմանը։
Լինելով 1988 եւ 2008 թվականներին ձեւավորված համաժողովրդական շարժումների ժառանգորդը՝ վերակազմավորված ՀԱԿ-ը կարիք չունի ապացուցելու, որ հավատարիմ է իր դավանած արժեքներին ու քաղաքական ծրագրերին։ Դրա վկայությունն է ինչպես մեր անցած ուղին, այնպես էլ մեր սկզբունքային գործունեությունը ԱԺ նույնանուն խմբակցության շրջանակում, որտեղ մենք ներդաշնակորեն համագործակցում ենք ՀԺԿ, ՍԴՀԿ եւ «Ազատություն» կուսակցությունների ղեկավարների հետ՝ սիստեմատիկաբար հանդես գալով խմբակցության նախընտրական պլատֆորմից բխող միասնական քաղաքական եւ օրենսդրական նախաձեռնություններով։ Առիթն օգտագործելով՝ ուզում եմ հատուկ ընդգծել ՀԺԿ-ի ու նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի առանցքային դերը ինչպես անցյալ հինգ տարիների մեր համատեղ գործունեության բնագավառում, այնպես էլ, անկասկած, մեր հետագա սերտ եւ բեղմնավոր համագործակցության կոնտեքստում։
Վերադառնալով Երեւանի ավագանու ընտրությանը՝ հարկ եմ համարում շեշտել, որ այն ո՛չ մեր պայքարի սկիզբն է, ո՛չ էլ վերջը, այլ ընդամենն այդ պայքարի մի հանգրվանը, թեեւ, ինչպես արդեն նշվեց, չափազանց կարեւոր հանգրվաններից մեկը։ Հետեւաբար, իր կարեւորությամբ հանդերձ, ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքը, այն բացարձակապես չի ազդի Կոնգրեսի հետագա նպատակասլաց, հետեւողական, համառ ու տքնաջան գործունեության վրա։
Ով պատրաստ չէ անձնվեր, անշահախնդիր, երկարատեւ պայքարի, Կոնգրեսի շարքերում տեղ չունի։ Ով պատրաստ չէ մոռանալու սեփական ես-ը եւ զրկանքների գնով լծվելու երկիրը չարիքից ազատելու անհետաձգելի գործին, թող բարի լինի խանգարել մեզ ու շարունակի գուժել Կոնգրեսի մոտալուտ թաղումը։ Մենք սովոր ենք թե՛ ճակատից, թե՛ կողքից եւ թե՛ թիկունքից հասցվող հարվածներին, բայց ոչ ոք թող հույս չունենա, որ դա կարող է մեզ թեւաթափ անել ու ետ կանգնեցնել մեր պայքարից։
ՀԱՂԹԱՆԱԿ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ