Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում քաղաքացին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Կապան քաղաքի վերջնամասում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել և կա վիրավոր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 01:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սաիղ Մուրթազա Բասիլ Իաթը Մեղրի-Կապան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում, վարելով Scania մակնիշի 13 B 25410 համարանիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, կողաշրջվել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դրանից հետո բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող բետոնե պատին, ինչի հետևաքնով իրանցի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք:
Գ. Շամշյանը հայտնում, է որ բեռնատարի մեջ լցված է եղել 15 տոննայից ավել ժավելի սպիրտ, որն ամբողջությամբ թափվել է ողջ ճանապարհով մեկ: Ողջ գիշեր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վարչության Կապանի հրշեջ-փրկարարները մի քանի մարտական հաշվարկներով ճանապարհի լվացման աշխատանքներ են կատարել, որպեսզի ժավելի սպիրտը չլցվի հարևանությամբ անցնող գետը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: