ArmLur.am-ը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: