Երեկ Ազատության հրապարակում «Բարեւ Երեւան» դաշինքը հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները եւ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները:
Հանրահավաքում «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե ««Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակն իսկապես արժանավորների ցուցակ է, մի կուռ թիմ, որտեղ հավաքված են տարբեր մասնագիտության, տարբեր սոցիալական շերտերի մարդիկ»:
Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ մինչեւ մայիսի 5-ի անակնկալ հաղթանակը կլինեն հավաքներ մի քանի համայնքներում. «5 հոգի է, թե 50 հազար, թե 5 մլն-ը, որ ուզում է նոր Հայաստան, նոր Իջեւան, Կապան, Գյումրի, Եղեգնաձոր, որոնք հաղթանակ են տվել փետրվարի 18-ին, պայքարը մեկն է, եւ պայքարն ընթացքի մեջ է: Հարգանք բոլոր մեր մրցակիցներին: Եթե հայ ժողովուրդն ուզում է կուսակցակռիվ, թող գնա, ում ուզում է՝ թող տա իր քվեն: Ես սիրով ձայնս կտամ Արմեն Ռուստամյանին, Վահագն Խաչատրյանին, Վարդան Օսկանյանին: Բայց այսօր՝ մայիսի 5-ի նախաշեմին, մենք ունենք աննախադեպ հնարավորություն ոչ թե խավարն անիծելու, տանը նստելու, այլ մի անգամ Երեւանը ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի ժողովրդին վերադարձնելու համար»:
Ր. Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ փետրվարի 18-ին պարտված Սերժ Սարգսյանին առաջարկ է արել. «Առաջին հերթին բոլորս գիտենք, որ հայ լինելը բոլորին տրված չէ: Դա պայքար է: Պայքար է կեղծ խոսքերի, բամբասանքների: Վերջին հաշվով, մենք մեր դեմ պիտի պայքարենք: Մենք հրաշք ժողովուրդ ենք, բայց նաեւ մեղքը, սխալը մեր մեջ է: Դա համար մայիսի 5-ին ես ինքս գնալու եմ ընտրատեղամաս, առանց վարանելու հերթական անակնկալը պիտի մատուցեմ հայ ժողովրդին եւ աշխարհին»: Իսկ վերջում խոստացավ, որ «մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երեւանի քաղաքապետ»:
«Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն էլ վստահեցրեց. «Երեւանի քաղաքապետն իր 4 տարիների կառավարման ընթացքում չի ունենալու որեւէ բիզնես, իր որեւէ հարազատ չի ունենալու որեւէ բիզնես: Որեւէ մեկը գումար չի ծախսելու, որ Վոլոչկովա բերի, որովհետեւ մենք ունենք Արթուր Իսպիրյանի նման իրական արվեստագետներ: Մենք մերը պետք է ներկայացնենք, մեր իրական արժեքները պետք է Երեւանում տարածենք, ոչ երբեք բերովի, կեղծ արժեքներ»:
Անահիտ Բախշյանն էլ պատմեց, թե ինչպես է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը եւ ճանաչել բացառիկ կրթված, հայրենասեր մարդուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«ԱՆԴՐԱՆԻԿԻ ՈՐԴԻ ՏԱՐՈՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ