Ապրիլի 22-ից 29-ը ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սեւադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Սլավա Գաբրիելյանը, գտնվում էին Գերմանիայում:
Տեղեկացանք, որ այնտեղ մեր մարզիչները բաժանվել են երկու խմբի, մի խումբը գնացել է Մյունհենգլադբախի «Բորուսիա»-ի, մյուսը` Լիվերկուզենի «Բայեր»-ի մարզումները դիտելու: Նրանք ծանոթացել են այդ ակումբների մարզումների շաբաթական փուլին, ենթակառուցվածքներին, հետեւել են, թե ինչպես են ֆուտբոլիստները, մարզիչները խաղին պատրաստվում: Բնական է, որ նրանց ենթակառուցվածքները շատ հզոր են, եւ մեր ունեցածի հետ համեմատելու նույնիսկ եզրեր չկան: Հայ մարզիչների խումբն այցելել է ֆուտբոլի ակադեմիա, զրուցել ֆիզպատրաստվածության մարզչի, նրա սաների հետ: Երեք խաղ են դիտել, որոնց վերլուծությունները պետք է ներկայացնեն ՀՖՖ: Ընդ որում, ինչպես նշեց դասընթացներին մասնակցած մարզիչներից մեկը, նրանց մարզման գործընթացը շատ բանով չէր տարբերվում մեր մարզման գործընթացից, բայց, օրինակ, վերականգնողական կենտրոնը շատ հզոր էր: Հայ մարզիչներն ականատես են եղել, թե ֆուտբոլիստները խաղից հետո ինչպես են վերականգնվում: Մարզիկների անալիզներն ամեն պարապմունքից առաջ վերցնում են, երեք րոպեից հետո պատասխանները տալիս են, եւ մարզիչներն իմանում են` ինչ վիճակում է ֆուտբոլիստը, եւ ինչ պետք է արվի:
Իհարկե, մենք դեռ շատ հեռու ենք նման կարգի մարզաբազաներ, ենթակառուցվածքներ ունենալուց, սակայն, վստահաբար, մեր մարզիչների՝ Գերմանիա կատարած այցն ու այնտեղ տեսածը, լսածը, սովորածը օգտակար կլինեն հայկական ֆուտբոլի համար: Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ