ՀԱՐՑ. Հետաքրքիր է, թե ինչպես են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Ո՞րն է լինելու նրանց հետագա անելիքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիության դադարեցման հարցը լուծվում է ՀՀ նախագահի հրամանագրով:
Նույն օրենքի 24-րդ հողվածի համաձայն` ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե` 1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, 2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ, 3) ՀՀ քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին, 4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:
Վերը նշված հիմքերից բացի, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը ՀՀ նախագահի կողմից մերժվում է, եթե անձը չի ներկայացրել այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության
իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես գործող կարգի 3-րդ եւ 4-րդ կետերն ավելի քան ընդհանրական են: Հենց այս երկու կետերի վրա հենվելով՝ անձնագրերի եւ վիզաների վարչությունը ցանկացած պահի կարող է մերժել իրենց դիմած քաղաքացուն: Եվ գուցե Հայաստանում օր օրի ավելի վատացող պայմաններն են ստիպել մեր ընթերցողին նման հարցադրում կատարել, եւ ըստ դրա` որոշել հետագա անելիքները: