ԽՈՒՍԱՓԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրն է: Անցած օրերի ընթացքում  ընտրություններին մասնակցող  յոթ քաղաքական ուժերի ներկայացուցիչները` յուրաքանչյուրն իր կարողությունների ու պատկերացումների շրջանակում, փորձեց համոզել երեւանցուն, որ հենց իրենք կլինեն Երեւանն ավելի լավ քաղաք դարձնողը, փոխողը, իշխանությունը քաղաքացուն վերադարձնողը եւ այլն: Որքանով դա նրանց հաջողվեց` մասամբ պարզ կդառնա  արդեն մայիսի 6-ին` երեւանցիների քվեարկության  արդյունքների ամփոփումից հետո: Իսկ ինչու մասամբ` որովհետեւ այդ արդյունքները, ցավոք   ամբողջովին  պայմանավորված չեն լինելու այս կամ այն քաղաքական ուժի ներկայացրած ծրագրերի կամ թեկնածուների նկատմամբ ունեցած համակրանքով, դրանք ինչպես միշտ, գերակշիռ մասով պայմանավորված են լինելու ընտրակաշառքներով, տարաբնույթ բակային, թաղային եւ «ԺԵԿ»-ային ճնշումներով: Բացի այդ, քարոզարշավի ամբողջ ըթացքում շարքային երեւանցին այդպես էլ հնարավորություն չունեցավ մեկ հարթակում լսելու եւ համեմատելու Երեւանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների ասելիքը. այդպես էլ  տեղի չունեցավ որեւէ բանավեճ կամ քննարկում, որին մասնակցեր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Իսկ բանավեճի հիմնական կողմը, բնականաբար` նա պետք է լիներ, որպես անցած տարիներին քաղաքի կառավարման համար թիվ մեկ  պատասխանատու: Սակայն ինչպես անցած խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ  հիմա Հանրապետական կուսակցությունը, որի անդամներն այնքան շատ են սիրում խոսել իրենց` քաղաքական պատասխանատվությունից չխուսափող տեսակի մասին,  ամեն կերպ խուսափեցին  հանրության առաջ այդ պատասխանատվության դրսեւորումից` հրապարակային բանավեճերի տեսքով:  Թե որն է պատճառը, որ «Երեւանի անցած 20 տարիների լավագույն քաղաքապետը» այդպես էլ խիզախություն չունեցավ դեմ առ դեմ կանգնելու իր մրցակիցների առաջ եւ հրապարակային  հարցուպատասխանի միջոցով իր ընտրողներին բացահայտելու սեփական արժանիքները, կարծում ենք, պարզ է: Ամեն ինչ արժեվորվում է համեմատության մեջ, իսկ այդ համեմատության մեջ Տարոն Մարգարյանին ունկնդրողները հաստատ հիշելու էին նրա անվան համերժեքը դարձած Սերժ Սարգսյանի հանրահայտ «սիրուն չի»-ն` թե անցած մեկուկես տարվա ընթացքում նրա  գործունեության, թե քամուն տրված քաղաքային բյուջեի, թե  անձամբ Տարոն Մարգարյանի մազմամիլիոնանոց  կարողության, տասնյակ կրպակների, դղյակների, երթուղային գծերի եւ  մնացածի մասով: Իհարկե, մյուս ուժերի թեկնածուներից շատերն էլ սուրբ չեն, իսկ ոմանց  գործունեությունն անգամ էլ ավելի «սիրուն չի» քան Տարոնինը, սակայն դա ցույց տալու համար, թերեւս, պետք էր տարրական տղամարդկային եւ քաղաքական խիզախություն` այդ թեկնածուների հետ քաղաքակիրթ բանավեճի հրավերն ընդունելու եւ քաղաքացիներին օբյեկտիվ ընտրության հնարավորություն տալու համար:




Լրահոս