Որքան մոտենում է «Եվրատեսիլ»-ի անցկացման օրը, այնքան դրա մասին քննարկումները թեժանում են: Հիշեցնենք, որ այն տեղի է ունենալու շվեդական Մալմո քաղաքում 2013թ. մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։ Իսկ Հայաստանը «Lonely Planet» երգով կներկայացնի «Dorians»-ը:
Մրցույթին մասնակցելու է 39 երկիր: Բոսնիա եւ Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան եւ Թուրքիան հայտարարել են, որ չեն մասնակցի։ Քանի որ մեզանում գրեթե ազգային հարց է դառնում «Եվրատեսիլ»-ի մասնակցի հարցը, ապա դրա շուրջ ցանկացած հրապարակում լայն արձագանքներ է ստանում: Եվ հայ ընթերցողին կհետաքրքրի դեռեւս անցյալ տարվանից համացանցում տարածված «Կադիրովը հայերի մասին» տեսահոլովակը, որտեղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կառավարության նիստի ժամանակ վրդովված պատմում է, թե ինչպես է փրկել ազգությամբ չեչեն երգչուհի Հեդա Համզատովային հայի հետ ամուսնությունից: Տեքստը թարգմանաբար ներկայացրել է «Իպրեսս»-ը:
Չեչնիայի առաջնորդի խոսքով՝ Համզատովային խոստացել են ապահովել նրա մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին ու Երեւան են տարել, որտեղ նա պետք է ամուսնանար: Կադիրովը նշում է, որ «տաղանդավոր երգչուհու վրա մեծ փողեր է ծախսել»: «…Երբ Հեդա Համզատովային մի հայ խոստացավ «Եվրատեսիլ» տանել, նա գնաց Հայաստան, որպեսզի հայի հետ ամուսնանա: Մենք նրա հետեւից գնացինք՝ համարելով, որ եթե չեչեն աղջիկը, վաստակավոր արտիստն ամուսնանա հայի հետ, մեզ համար դա խայտառակություն է… Հորը, մորը վերցրինք, գնացինք, ես նրան տուն բերեցի՝ պայմանավորվելով նրանց նախագահի հետ…»,-ասում է Կադիրովը:
Ի դեպ, երգչուհու մասին հայ հանդիսատեսն իմացել է Մոսկվայում կայացած համերգից հետո, երբ նա հայերեն երգել է «Հայ քաջեր» երգը: Դահլիճը, այդ թվում՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, կատարումը մեծ ոգեւորությամբ են ընդունել: Իհարկե, դժվար թե հայտնաբերվի այն հայը, որը խոստացել է ամուսնանալ երգչուհու հետ` դրա դիմաց նրան «Եվրատեսիլ» տանելու պայմանով: Չնայած կարելի է համոզված ասել, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Հիշենք թեկուզ 2010թ. մեր երկիրը ներկայացնող Եվա Ռիվասին, ում Հայաստանում քչերն էին ճանաչում:
ԵՎԱ ՌԻՎԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԵՉԵՆ ԵՐԳՉՈՒՀԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ