Հրապարակ. Ժառանգության քաղխորհրդի նիստը բավական թեժ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախորդ օրը “Ժառանգության” քաղխորհրդի նիստը տևել է 3 ժամ և անցել է բավական լարված մթնոլորտում` 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է “կողմերին”, ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել. ինքը ևս կողմ է եղել մանդատները վերցնելուն: Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երևանի ավագանու մանդատների ճակատագրին: Դրանք վերցնելուն դեմ են արտահայտվել “Բարև, Երևանի” համամասնական ցուցակից Ալեն Սիմոնյանը և Սուսաննա Մուրադյանը: Ա. Սիմոնյանն իր տեսակետը հիմնավորել է հերթական չընտրված մարմինը չլեգիտիմացնելու պատճառաբանությամբ, Ս. Մուրադյանը նշել է, որ համաձայն կլինի մանդատները վերցնելուն այն դեպքում, եթե հերթականությունը “Ժառանգության” շահերից բխի: Ս. Մուրադյանի ակնարկը, ըստ “Հրապարակ” օրաթերթի աղբյուրների, առնչվել է ԺՈւԿ ներկայացուցիչ Էմանուել Գասպարյանին, որը նույնպես ցուցակով ավագանու անդամ կդառնա: “Միջնորդությունը” չի ընդունվել: Եթե ընդունվեր, նրա փոխարեն մանդատ կստանար երգիչ Արթուր Իսպիրյանը, որի կատարմամբ էր հնչում “Բարև, Երևանի” հիմնը: Ինչ վերաբերում է մանդատ վերցնելու ջատագովներին, ապա նրանք գտել են, որ պետք է վերցնել ու “ճակատամարտել”, թույլ չտալով ապօրինի որոշումներ, հողհատկացումներ և այլ անօրինականություններ քաղաքապետարանում: Ի դեպ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած “Ա1+”-ի ղեկավար Մելս Մովսեսյանը չի մասնակցել քաղխորհրդի նիստին, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, տեղյակ է պահել, որ ուղիղ եթերով կհեռարձակի ավագանու նիստերը: 




Լրահոս