![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/2a8723f7-b682-4c0b-8a3f-1fab035fea42.jpg)
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարևորվել են փոխայցերը, որոնք կողմերի համոզմամբ` նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություներին:
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել լիտվացի գործընկերոջը Վիլնյուսի Ցեղասպանության զոհերի թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և Բալթյան երկրներից միակն է, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Հանդիպմանն ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև Բենեդիկտաս Յուոդկային`Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: