«Արմավիրի ԲԿ» բժիշկ Անդրանիկ Պապոյանն այսօր հարցաքննվել է 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ մահվան գործի շրջանակներում:
Ինչպես հայտնի է, հունվարի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է ծննդկան Արաքսյա Դանիելյանը, ում մոտ, ըստ առողջապահության նախարարության նախնական հաղորդագրության, H1N1 տեսակի վարակ չի հայտնաբերվել: Կինը «Արմավիր» ԲԿ-ից Երևան է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված է եղել արհեստական շնչառության ապարատին։
Դեպքից հետո մահացած կնոջ ամուսնու՝ Արցախ Քոչարյանի ներկայացրած հաղորդման հիմքով` քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը)։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բժիշկ Անդրանիկ Պապոյանn այսօրվա հարցաքննության ընթացքում ասել է, թե՝ եթե սկզբում թոքերից ձայն չի լսվել, ես ի՞նչ անեմ:
ArmLur.am-ի հետ զրույցում ծննդկանի ամուսինը՝ Արցախ Քոչարյանը, մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Այսպես, ըստ մեր զրուցակցի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և նույն օրը նրան տեղափոխել են «Արմավիր» ԲԿ. «Բժիշկ Պապոյանը ռենտգեն հետազոտություն չի իրականացրել, հետո ճնշման ապարատով է թոքերը լսել: Հետո մեզ ասեց՝ թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա: Երեք օր նույն վիճակի մեջ է եղել կինս: Հետո ասել է, որ վատ է զգում իրեն, ռենտգեն արեք: Բժիշկը նորից հրաժարվել է լսի թոքերը, ասել է՝ ամեն ինչ նորմալ է քո մոտ, ի՞նչ ռենտգեն անեմ: Ժամեր հետո ռենտգեն է արել ու երկկողմանի թոքաբորբ հայտնաբերել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Վերջինս հայտնեց նաև, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արդեն հաստատել են երկկողմանի թոքաբորբ ախտորոշումը ու հավելել. «Եթե շուտ բերեիք, կփրկվեր»:
«Երևանում ասացինք, որ կինս երեք օր շարունակ պառկած է եղել, բայց նրան չեն ասել, որ երկկողմանի թոքաբորբ ունի: Բժիշկն էլ ասել է, թե ինքն առաջին իսկ օրը ռենտգեն նշանակում արել է, սակայն մանկաբարձ-գինեկոլոգը՝ Ռիտա Կարապետյանը, համապատասխան հրահանգին չի հետևել: Իսկ մանակաբարձ-գինեկոլոգն էլ իր հերթին ասել է, թե ինքը դիմել է Անդրանիկ Պապոյանին, նա էլ ասել է՝ ամեն բան կարգին է: Ու ինքն այդպիսով անհրաժեշտություն չի տեսել հավելյալ ռենտգեն անելու»:
Արդյոք բժիշկները մեկը մյուսին են մեղադրում կատարվածում՝ Ա. Քոչարյանը դժվարացավ պատասխանել, սակայն հայտնեց, որ երկկողմանի թոքաբորբը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննությամբ:
Կնոջ անժամանակ մահվան հանգամանքները պարզելու համար պայքարելու են մինչև վերջ: Քննության արդյունքներն ամեն բան կպարզեն: Սակայն հարց է առաջանում, թե ինչու բժիշկը թոքերի ռենտգեն հետազոտություն չի իրականացրել այն պայմաններում, երբ երկրով մեկ սուր-շնչառական վարակներ են տարածված, իսկ հղիներն առավել դյուրզգայուն են: Ավելին, առողջապահության նախարարությունը հղիների մասով այս օրերին առանձին հայտարարությամբ էր հանդես եկել: