ԹՈՎՄԱՍՅԱՆՆ Է ՄՇԱԿԵԼՈՒ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործը իշխանությունները հանձնարարել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին: Վերջինս մեկ անգամ արդեն հանդես եկել է որպես ընտրական օրենսգրքի համահեղինակ: Նշենք, որ գործող ԸՕ հիմքում դրված 1999-ի փետրվարին ընդունված ԸՕ-ի համահեղինակներից մեկը եղել է հենց Հրայր Թովմասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» Հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանի ուղեկցությամբ, վերջին օրերին հանդիպել է մի շարք պատգամավորների հետ: Թովմասյանը եւ Պողոսյանը պատգամավորների հետ քննարկել են ԸՕ նախագծում հնարավոր մոտեցումները:
Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ցանկություն չունի նոր ԸՕ համահեղինակ լինել: Ըստ նրա՝ երբ նախագիծը կամ դրա մի մասը պատրաստ կլինի, ապա իրենց կազմակերպությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, (GIZ) պատրաստ է իրավական խորհրդատվություն ներկայացնել նախագծի հեղինակներին: Իսկ ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:

 

 
Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է իր աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերն անգամ պետբյուջեի հաշվին գնել: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 10-ին «ԵՀՀԿ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով ֆիննախը գնել է 999 հատ ամանորյա հանդեսի տոմս` հատը 1 հազար դրամով: Իհարկե, գումարն այդքան մեծ չէ, բայց խնդիրն այն է, որ հարկատուները պարտավոր չեն վճարել նախարարության աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերի համար: Բոլորին հայտնի է, որ մեկ միլիոն դրամը դա նույն ֆինանսների նախարարության նույնիսկ միջին աշխատակիցների համար ընդամենը մեկ «ընդմիջման» գումար է: Եթե այդքան շատ էին ցանկանում իրենց աշխատակիցների երեխաների համար տոմսեր գնել, ապա կարող էին իրենց միջոցների հաշվին դա անել: Հակառակ դեպքում ֆիննախը պարտավոր էր Հայաստանի ողջ բնակչությանը մեկական տոմսով ապահովել, քանի որ այդ գերատեսչությունը ողջ պետությանն է եւ ոչ թե միայն այնտեղ աշխատողներինը:

 

 

 
Երեւանում վճարովի ավտոկանգառներում կայանման կարգի խախտման հիմնավորմամբ վարորդներից գումար բռնագանձելու խնդրին «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել: Երեկ, ի վերջո, մենք ստացանք Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը: Առանց վճռի ԴԱՀԿ-ին կատարողականներ ուղարկելը քաղաքապետարանը պատճառաբանել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Սակայն նշված օրենքը նման իրավունք չի տալիս: ՀՀ Սահմանադրության 31-րդ եւ գործող նոր Սահմանադրության 60-րդ հոդվածում հստակ ամրագրված է. «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի»: Այսինքն՝ առանց դատարանի կողմից կայացված վճռի ոչ ոք իրավունք չունի որեւէ վարորդից գումար բռնագանձել, եթե նա ինքնակամ չի վճարել «կարմիր գծերի» գումարը: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սահմանադրությունը խախտում է, որպեսզի խախտման համար սահմանված 5 հազար դրամից բացի՝ կարողանան վարորդներից բռնագանձել 2.500 դրամ էլ ԴԱՀԿ կատարողականի համար:

 

 

 
Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետեւում են իրենց գործունեությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել. սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները: Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին եւ նրանց մասին հարցուփորձ են արել: Այդ հանգամանքը խմբի անդամների մոտ տարակուսանք է առաջացրել, քանի որ նրանք իմացել են, որ իրենք պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ գնալու համար, հետեւաբար, անհասկանալի է եղել, թե ինչու է ԱԱԾ-ն սկսել իրենցով հետաքրքրվել: Ազատամարտիկներից մի քանիսը խմբի ղեկավար Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենցով հետաքրքրվում, ինչին նա պատասխանել է, թե մտահոգվելու կարիք չկա, եթե հարկ լինի՝ իրավաբան կարող են հրավիրել: Բայց կյանքը ցույց տվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդանյանի հետ զրուցելու առիթ են ունեցել, կալանավորվեցին:

 

 

 
ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆԻՉ

Հատկապես 2015թ-ի ընթացքում համաշխարհային քաղաքական զարգացումների արագահոս եւ անսպասելի ընթացքը, կարծես թե, առաջիկայում լուրջ վերադասավորումների է հանգեցնելու ինչպես մինչ այս գրեթե մեկ հարյուրամյակ գործող քաղաքական համակարգում, այնպես էլ դրա հիմնական եւ ազդեցիկ խաղացողների արժեքային համակարգերում: Անցած տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրներին պատուհասած ներգաղթյալների ճգնաժամը առաջիկայում լուրջ փորձություն է դառնալու մինչ օրս ամենակենսունակ եւ օրինակելի համարվող քաղաքական միավորի` Եվրամիության ճակատագրի համար: Սահմանների վերացման եւ առավելագույնս թափանցիկ եւ սերտ ինտեգրացիայի այս, մինչ այժմ եղած ամենահաջողված օրինակը կարող է պարզապես փլուզվել: Երեկ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Շենգենյան գոտին կարող է երկու ամիս անց դադարել գոյություն ունենալ: Նա հստակեցրել է, որ ԵՄ երկրների միջեւ առանց արտոնագրի ռեժիմը կարող է չեղարկվել, եթե իշխանություններին չհաջողվի լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը:
«Մենք առավելագույնը երկու ամիս ունենք` դրությունը վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է Տուսկը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ: Նա նշել է, որ Եվրամիությունը «կկործանվի որպես քաղաքական նախագիծ», եթե չկարողանա ապահովել իր արտաքին սահմանների անվտանգությունը:
Այսպիսով` ստացվում է, որ Եվրամիությունը կարող են կործանել հենց այն արժեքները, որոնք հանդիսանում են այդ միության ձեւավորման եւ գոյության հիմքը: Հավասար իրավունքների եւ ազատությունների համամարդկային արժեքները, փաստորեն, առկա իրավիճակում դառնում են այլեւս վտանգավոր ոչ միայն Ասիայից ներխուժած հետադիմական, ագրեսիվ եւ մոլեռանդ զանգվածի ներխուժման արդյունքում ներմուծվող հսկայական բացասական երեւույթների, այլեւ հենց նույն եվրոպացիների մոտ այդ ամենի արդյունքում վերստին գլուխ բարձրացնող շովինիստական եւ ֆաշիստական գաղափարախոսության վերաակտիվացման տեսքով: Արդեն իսկ Քյոլնում գերմանուհիների` ասիացի ներգաղթյալների կողմից բռնաբարություններից հետո ռասսիստական տրամադրությունները նկատելի են ոչ միայն Գերմանիայում, այլեւ անգամ այնպիսի երկրում, ինչպիսին Նիդեռլանդներն են: Արդեն իսկ ԵՄ անդամ երկրներից շատերն առանց որեւէ պատճառի անմիջապես երկրից արտաքսում են ներգաղթյալներին եւ փակում դռները ցանկացած երկրից ցանկացած պատճառներով ներգաղթյալների համար: Եվ սա էլ իր հերթին հանգեցնելու է հակառակ կողմից նեգատիվ դրսեւորումների կուտակմանը, ինչը եւս, անխուսափելիորեն ունենալու է իր պոռթկումը` կլինի դա ԵՄ անդամ երկրներում ահաբեկչությունների, թե այլ դրսեւորումների տեսքով:
Փաստորեն, այսօր Եվրոպան «կրակն է ընկել» իր իսկ արժեքների ձեռքին, եւ դժվար է ասել, թե որն է այս իրավիճակում առավել խելամիտ ելքը:




Լրահոս