ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Ս. Սարգսյանը տապալված նախագահ է, վկայում են անգամ պաշտոնական թվերը: Նրա` իշխանության գալուց հետո` 2008-ին, պաշտոնական տվյալներով աղքատ էր բնակչության 27,6, իսկ այսօր` 35 տոկոսը` շուրջ 1 մլն 50 հազար մարդ: Նրա օրոք մեր երկրում 5 տոկոսով նվազել է մարդկանց գնողունակությունը: Հայաստանի արտաքին պարտքը, որը 2008թ.-ին 1 մլրդ 700 մլն դոլար էր, հասել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամի կամ 3 մլրդ 73 մլն դոլարի: Այսօր պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 44,1%, իսկ վտանգավորության շեմը գնահատվում է 50%: Սակայն վերլուծաբանները պնդում են, որ իրականում այդ հարաբերակցությունն անցել է սահմանագիծը եւ հասել մոտ 75%-ի: Այս ցուցանիշը մտահոգիչ է ոչ միայն իր մեծությամբ, այլեւ նրանով, որ գործող իշխանությունը մեկ անգամ եւս կեղծել է իրական ցուցանիշները ու թաքցրել երկրի սնանկ վիճակը: Կառավարության հրապարակած թվերը չեն համընկնում ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների հետ, քանի որ, ըստ վերջինիս, ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 3 մլրդ 738 մլն դոլար է (այն չի ներառում արտաքին մասնավոր պարտքը), այլ 7 մլրդ 630 մլն դոլար:
Եթե վստահենք պաշտոնական աղբյուրներին, ապա ՀՀ-ում ապրում է 3274,3 հազ. մարդ, ուստի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պարտքը կազմում է մոտ 1300 դոլար: Սա պաշտոնական, իսկ ոչ պաշտոնական տեսակետով մեր երկրում քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր բնակիչ, սկսած նորածիններից, պարտք է մոտ 2330 դոլար:
Հավելենք, որ ՀՀ-ն կարող է պարտք վերցնել միայն 2014-ին, այն էլ 500 մլն դոլարի չափով:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ գործող իշխանության՝ պարտք կուտակելու այս սովորությունն ի՞նչ լուրջ տնտեսական կամ քաղաքական վտանգների առջեւ է կանգնեցրել երկիրը:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Այսօր արդեն արդարացված են ժամանակին մեր հնչեցրած քննադատություններն ու ահազանգերը, որ դա դառնալու է ազգային անվտանգության հարց: Այս վերջին տարիների ընթացքում տեսնում ենք՝ ինչպես Արեւմուտք, թե Հյուսիս խաղարկում են Հայաստանի մեծացած արտաքին պարտքը եւ նոր փոխառությունների առումով մեր երկրի կախվածությունը: Գրեթե մեկ տարի առաջ սկսվեցին ոչ թափանցիկ բանակցություններ ռուսական նոր վարկ ստանալու համար, իսկ Բրյուսելն էլ անընդմեջ հետաձգում է դոնոր կոնֆերանսը: Սա լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է մեծացած արտաքին պարտքն ազդում երկրի ինքնիշխանության, անկախության ու անվտանգության վրա: Մենք նմանվել ենք մի ընտանիքի, որը, մի պարտքը չփակած, մյուսն է վերցնում, եւ արդեն իսկ հիմնավոր կասկածներ կան, որ ընտանիքը վճարունակ չէ:

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մեր երկրի արտաքին պարտքն իրավական տեսանկյունից լուրջ մտահոգությունների առիթ է տալիս: Նշեմ, որ եթե արդեն արտաքին պարտքի սպասարկման համար առաջ է քաշվում ՀՆԱ-ն, ուրեմն նշանակում է՝ երկիրը սնանկ է: Դրա հետեւանքները կարող են լինել անկայունությունը, քաոսը կամ դիկտատուրան… Նման դեպքերում արդեն կարեւորվում է միայն արտաքին գործոնների դերը: Կարծում եմ՝ մեզ մոտ հիմա ընթանում է այդ պրոցեսը ռուսամոլների ու եվրոպամոլների ձեւով: Կունենանք Հայաստանը որպես ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը, ուրեմն կապրենք: Իսկ եթե ոչ, ամբողջ ազգով կմնանք արտաքին, տվյալ դեպքում՝ ռուսական գրոշների օգնության հույսին, ինչպես թմրանյութից կախում ունեցողը: Այս ճանապարհը մահ է, պետության վերջը:

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ
իրավապաշտպան
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս