Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրվա առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց հայտնի մայրիկներ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ, ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆԻ եւ հայրիկ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ հետ: Նրանցից յուրաքանչյուրն ունի երկու երեխա, իսկ Ալլա Լեւոնյանը սպասում է երրորդ բալիկին:
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ նշեց, որ հունիսի 1-ին տարբեր բարեգործական հանդիպումների ու ելույթների է հրավիրված: Նաեւ նկատեց, որ սովորաբար այդ օրվա հետ կապված հրավերներն ավելի շատ են լինում, պարզապես երեւի այս տարի հաշվի են առել իր կարգավիճակը:
-Սովորաբար ինչպե՞ս եք անցկացնում տոնը երեխաների հետ:
-Երբ ազատ եմ լինում՝ լինի տոնական, թե ցանկացած այլ օր, միանգամից գնում ենք Ավշար՝ պապայիս տուն, որովհետեւ երեխաներս եւ ես այնտեղ լինելու կարիքը շատ ենք զգում: Ես շատ կուզենայի բալիկներիս հետ անցկացնել հունիսի 1-ը, պարզապես գիտեմ, որ այդ օրը մարդաշատ է լինում, կարծում եմ՝ այս տարի մի քիչ կնեղվեմ հասարակական վայրերում շատ երեւալուց:
-Երեխաներն իրենց տոնի առիթով նվերներ խնդրե՞լ են:
-Այդ նվերներն ամեն օր ուզում են, միշտ էլ ստանում են, իրենք ոչ մի բանի պակաս չեն ունենում: Ժանուլիկն արդեն մեծ է, ipad-ով է հետաքրքրվում, իսկ Հայկը պուլտով մեքենաներ է սիրում: Որ լավ են սովորում ու լավ բալիկներ են, դրա համար էլ իրենց ուզածն անում ենք: Վերջիվերջո, երեխաները մեր կյանքի իմաստն են, առանց իրենց ի՞նչ, կյանքն անիմաստ է:
-Ձեր շնորհավորանքը…
-Ոչ միայն որպես մայրիկ, նաեւ Յունիսեֆի դեսպան՝ ցանկանում եմ, որ մեր երեխաներն առաջին հերթին առողջ լինեն, անհոգ, երջանիկ մանկություն ունենան եւ իրենց ծնողների հետ ապրեն խաղաղ երկնքի տակ:
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ խոստովանեց, որ հատուկ Երեխաների պաշտպանության օր իրենց տանը չեն նշում, իր համար ամեն օր տոնակատարություն է, ու ամեն ինչ էլ երեխաներին է նվիրված:
-Երկու որդի ունեմ, մեծս` Վարդանը, 12 տարեկան է, փոքրս` Արմանը՝ 10: Հասարակական տոները մեր տանն ընդունված չեն: Ես ասում եմ՝ իմ սիրած միակ տոնը Նոր տարին է:
-Ծնող դառնալուց հետո ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր կյանքում:
-Պատկերացրե՛ք` ոչինչ, նույն ցանցառն եմ մնացել: Իհարկե, պատասխանատվությունս մեծացել է, բայց ես երբեք պապայի կերպարի մեջ չեմ եղել, իրենց հետ ավելի շատ ընկերություն եմ անում:
-Ի՞նչ կմաղթեք մեր մանուկներին:
-Մեր երեխաներին ցանկանում եմ ամենալավ բանը` սիրված լինեն, որ մեծանան, լավ մարդիկ կդառնան: Ես նաեւ մանկատան աշխատակազմին շատ կխնդրեի, որ այդ երեխաներին անչափ սիրեն:
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆՆ էլ նշեց, որ իր երեխաները գիտեն հունիսի 1-ի խորհրդի մասին, եւ ամբողջ ընտանիքով այդ օրը տարբեր միջոցառումների են մասնակցում: Վերջին տարիներին Զարուհու դուստրը տարբեր տեղերում ելույթ է ունենում: Այս տարի նույնպես բացառություն չէ, քանի որ փոքրիկ Սոֆին արդեն նախանշված չորս ելույթ ունի:
-Դուստրս 11 տարեկան է, որդիս` 9-ը: Երեխաներս երբեք հունիսի 1-ի առիթով նվերներ չեն ուզել, միայն ծննդյան օրվա առիթով եմ ես նրանց հարցնում ինչ նվիրել, բայց այդ օրն էլ հատուկ բաներ չեն ուզում: Իսկ Երեխաների պաշտպանության օրը մենք միասին ենք անցկացնում, քաղաքում պտտվում ենք, զբոսնում: Շատ հագեցած օր է մեզ համար:
-Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում երեխաների ծնունդից հետո:
-Երբ առաջին անգամ էի մայր դառնում, ավելի էմոցիոնալ էի, երկրորդ անգամ արդեն ավելի պատրաստ ես, գիտես՝ ինչ է քեզ սպասվում: Երեխաների ծնունդից հետո շատ բան է փոխվել, կյանքդ գրեթե կիսով չափ նվիրում ես մի հոգու, որը կարեւոր դեր է խաղում քո կյանքում: Կինն իր կյանքում պետք է անընդհատ տա, շատ քիչ է վերցնում: Երեխաները մեծ ուրախություն են, ես նախընտրում եմ ինքս խնամել իմ երեխաներին, ինքս եմ զբաղվում նրանց դաստիարակությամբ:
-Ձեր մաղթանքը մանուկներին:
-Բոլորիս կմաղթեմ խաղաղ երկինք, ուզում եմ, որ երեխաները երջանիկ լինեն, իրենք իրենց սիրեն ու հավատան իրենց ուժերին: Երեխան պետք է գիտակցի, որ այս աշխարհում բոլորը հավասար պայմաններում են լույս աշխարհ գալիս: Ես իմ երեխաներին էլ ասում եմ, եթե դուք ուզում եք լինել հաջողակ ու երջանիկ, պետք է տանջվեք դրա համար, աշխատեք ու ձգտեք: Ես երեխաներ շատ եմ սիրում, երիտասարդ տարիներին էլ երազանք ունեի` դառնալ մանկաբույժ: