Օրերս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ասել էր. «Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
Արամ Սարգսյանի այս հայտարարության շուրջ Armlur.am-ը զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր կարծիքով հոկտեմբերի 27-ն ամբողջովին բացահայտվա՞ծ է:
-Ցանկացած դեպքում վերջնական որոշումը կայացնում է դատարանի վճիռը, չնայած լինում են դեպքեր, երբ վրիպակներ են լինում: Կոնկրետ այս հարցի հետ կապված ես չեմ կարող ասել` ամբողջովին բացահայտվել է, թե՝ ոչ, քանի որ քննություն իրականացնողը ես չեմ եղել:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը խոստովանել է իրեն, որ մի օր պետք է ասի, թե ովքեր են կազմակերպել հոկտեմբերի 27-ը:
-Ճիշտն ասած չեմ կարող ասել թե ինչ է ասել հանրապետության նախագահը, կամ ինչ է նկատի ունեցել:
-Պարո՛ն Հակոբյան, իսկ Ձեր կարծիքով հոկտեմբերի 27-ը ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերի կազմակերվածն էր:
-Գիտեք, ինչքան որ ուսումնասիրել ենք Նաիրիի գործունեությունը, նա ակտիվ քաղաքացի էր, լրագրող էր: Այդ ամենը մի փոքր խճճում էր ավելի շատ պատվերի հետ կապված խնդիրը: Պատվերի դեպքում կլինեին հատուկ քիլլերներ, որոնք դա կանեին: Մի տեսակ անհասկանալի է իմ համար, քանի որ յուրաքանչյուր մարդու համար ամենաթանկ բանն ազատությունն է: Չեմ հասկանում, գիտեք ինչ քաղաքականության մեջ ցանկացած բան հնարավոր է, մենք էլ զարմանալու բան չունենք: Ամեն դեպքում դատարան կա, քննություն կա:
-Այսինքն Ձեզ համար որևէ չբացահայտված հանգամանք չկա՞ հոկտեմբերի 27-ի գործում:
-Գիտեք, ես հոկտեմբերի 27-ի հանձնաժողովի անդամ եմ եղել, 27-ից հետո մենք շատ ակտիվ աշխատել ենք, ինչ հարցեր բարձրացրել ենք` լուծվել են, ընդհուպ այցելել ենք մեկուսարաններ:
-Իսկ Դուք անձամբ հանդիպե՞լ եք Նաիրի Հունանյանի հետ:
-Ոչ, մենք պարզապես նայել ենք, տեսել ենք, որ ինքը գտնվում է խցում, իր խցակից ընկերները գտնվում են առանձին խցում: Ես կարող եմ ասել, որ որևէ կառույց չի խոչընդոտել մեր աշխատանքին:
-Արդյոք արժե՞ կրկին վերանայել հոկտեմբերի 27-ի գործը:
-Իմ կարծիքով, իմ անձնական՝ դա կուսակցության կարծիքը չի իհարկե, երկար ժամանակ է անցել, վկաները, ականատեսները մահացել են: Եթե ուզում են թող վերանայեն:
զրուցեց Տաթև Հարությունյան