2015 թվականին երկարատեւ լռությունից հետո իր դռները բացեց 1990 թվականին հիմնադրված եւ 90-ականներին հայ ժամանակակից երաժշտական աշխարհում ճանաչում ձեռք բերած «Արձագանք» ձայնագրման ստուդիան, որը, փաստացի, չէր գործում 2007 թվականից: «Ժողովուրդ»-ը զրուցել է ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի հետ՝ անդրադառնալով այսօր իրենց առջեւ դրված խնդիրներին, երգարվեստում առկա միտումներին:
Ե. Պետրոսյանը պատմել է նաեւ, թե ինչու ինքը չի կարողանում այսօր «լավ բաների մասին» երգ գրել:
-Պարո՛ն Պետրոսյան, հետաքրքիր է՝ կա՞ մի նոր ձեռագիր, որ որդեգրել է ստուդիան, թե՞ նախկին ուղղվածությունն եք պահում:
-Այո՛, իհարկե, կա: Մեր այժմյան գործունեությունը ծավալվում է կենդանի ձայնագրության (խմբերի) շրջանակներում, քանի որ հիմա ստուդիայում խմբերի ձայնագրելու հնարավորություն կա: Հիմա, օրինակ, կատարում ենք ձայնագրություն, որին մասնակցում է 5 երգիչ, այդ թվում՝ Գերմանիայից, Անգլիայից, Շվեյցարիայից եւ երկու հոգի՝ Հայաստանից: Շատ հետաքրքիր նախագիծ ենք իրականացնում՝ ուղղված պատերազմների դեմ:
-Երկար տարիներ է՝ այս ոլորտում եք: Վերջին տարիներին երգարվեստում նկատվող միտումներ կա՞ն, որոնց հետ այդպես էլ չեք համակերպվում:
-Այո՛, կարծում եմ՝ մենք աստիճանաբար գնացինք դեպի վատը: Զգում եմ, որ օրիգինալ ոճեր, հնչողություն, ձայներ, մտածողություն չեն ստեղծվում: Չեմ նկատում, օրինակ, որ երաժիշտը փորձի նոր ձեռագիր բերել: Այսօր ստեղծվում է քեֆի երաժշտություն, այն էլ՝ իրարից թխելու միջոցով: Հիմա ստեղծվում է անհեռանկար երաժշտություն. դրա համար անհանգիստ եմ: Այժմ տեխնիկական խնդիրներ չկան, ինչպես մեր երիտասարդ տարիներին, բայց երաժշտական առումով հիմա խեղճ ենք:
-Նոր երգեր ստեղծելու մասին մտածո՞ւմ եք:
-Հա, իհարկե: Ես հիմա ուշադրությունս սեւեռել եմ այն նյութերի վրա, որոնք այդպես էլ «բախտ չունեցան» թողարկվելու: Երեւի թե դրանք ժամանակից առաջ էին ընկած կամ չէին սազում այդ ժամանակին ո՛չ իրենց մտածելակերպով, ո՛չ մեղեդիով: Չէ՞ որ դու պետք է մի քիչ կոմպրոմիսի գնաս, որ երգը կյանք ունենա. կոմպրոմիս՝ ժամանակի, ունկնդրի, ինքդ քեզ հետ:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր ժամանակների երգը:
-Ընդհանրապես, ցանկացած երգի բովանդակությունը սերն է, ամեն բան դրա շուրջն է պտտվում. սեր՝ մարդու, հայրենիքի, բնության նկատմամբ: Այդ բովանդակությունը, սակայն, երբեմն էլ մաղձն է լինում, բողոքը, դա էլ կա…
-Եթե փորձեք Ձեր բողոքը վերարտադրել, ինչի՞ դեմ այն կլինի:
-Այսօր ես շատ մեծ բողոք ունեմ մեր երկրի իշխանավորների դեմ, որոնք շատ վատ են վերաբերվում մեր ժողովրդին, հայրենիքին. այս ամեն ինչը հեչ իմ սրտով չի: Ես սա ասում եմ որպես քաղաքացի եւ որպես մարդ, որը, գուցե, ավելի խորն է մտածում, քան ոմանք: Երբ մարդիկ քո կարծիքի հետ հաշվի են նստում, դու պարտավորություն ունես կա՛մ մխիթարելու, կա՛մ առաջնորդելու, կա՛մ հանգստացնելու նրանց: Բայց դու տեսնում ես ժողովուրդ, որը, ցավոք սրտի, շատ խեղճացած է, դեգրադացված, եւ ոչինչ չի արվում՝ այդ ամենը շտկելու համար:
-Գուցե ելքը լուսավոր երիտասարդնե՞րն են, որոնց մասին Դուք հաճախ խոսում եք:
-Լուսավոր երիտասարդներ, այո, կան, կան նաեւ այնպիսիք, որոնք կարծիք են ասել, ըմբոստացել են այս իրավիճակի դեմ եւ հիմա փակի տակ են, բանտերում են: Սա անթույլատրելի բան է. այդ երիտասարդները պետք է սերունդ դաստիարակեն, ոչ թե փակի տակ մնան: Բայց այսպես թալանչիների համար հարմար է, պատասխանատվությունից խուսափում են, իրենք իրենց հավեսին ինչ ուզում, անում են. ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Իսկ նա, ով ասում է՝ ընկերնե՛ր, այս ամենը սխալ է, արդեն «պատասխանատվության» է ենթարկվում:
Ամեն դեպքում՝ լուսավորները պետք է շարունակեն լուսավոր մնալ՝ մյուսներին վարակելու համար:
-Այսինքն՝ իշխանավորները որդեգրել են լուսավորներին ճնշելու քաղաքականությո՞ւն:
-Այո՛, որ իրենց ծրագրերից ոչ մի բան չխաթարվի. «Ալո»-ից հետո «Բլո»-ն գա, հետո՝ «Չալո»-ն, քաջնազարները մեկը մյուսին փոխարինեն: Ես չեմ համակերպվում այս իրավիճակի հետ, չեմ համակերպվում, որ մեր ժողովուրդը, որով մենք այնքան հպարտանում ենք, այսօր այսքան խեղճ է: Դա ինձ շատ է ցավեցնում եւ խանգարում է լավ բաների մասին երգ գրել:
–Երգն այս պարագայում ի՞նչ կարող է անել:
-Երգը համախմբելու, ոգեւորելու, մարդու տրամադրությանը համահունչ լինելու խնդիր է լուծում… Հո միայն «տռճիկ» տալո՞վ չի: Մեր բոլոր վաստակավորները հիմնականում այնպիսի երաժշտություն են ներկայացնում, որի տակ կարելի է «տռճիկ» տալ, ու ոնց որ թե իրենք ավելի են գնահատվում, քան երաժշտության մեջ նոր խոսք ասողները:
-Իսկ լավ երաժշտությամբ հնարավո՞ր է ապաքինել Ձեր ասած խեղճ ժողովրդին:
-Ո՛չ, ապաքինել հնարավոր կլինի միայն քաղաքական ճիշտ քայլերով, կրթելով ու դաստիարակելով, ամենապատասխանատու դաշտում եւ ամենավատ վիճակում գտնվող դպրոցների մակարդակը բարձրացնելով: Վատ դաստիարակությամբ լավ քաղաքացի, լավ ծնող չեն դառնա, իսկ այսօր դպրոցները վերածվել են ընտրական շտաբների: Մեր ժողովուրդը պարտավոր է ամեն բան անել՝ լավ ու արժանապատիվ կյանքով ապրելու համար: Ես չեմ ուզում տարիներ անց խաբված լինել՝ հասկանալով, որ մեր ժողովուրդն այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացրել…
Աննա Բաբաջանյան