Սերժ Սարգսյանը ստուգում է ՊՆ ֆինանսական հոսքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին է:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված է. «Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առեւտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը եւ ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն»: Ուստի ամենեւին էլ պատահական չէ այն, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ ՊՆ որոշ աշխատակիցները սկզբում փորձել են ստուգողներին «համոզել», որ ինչ-ինչ փաստեր չնկատելու տան: Ըստ լուրերի՝ եթե ստուգումները շատ խորքային անցկացվեն, ապա արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ: ՊՆ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ գնումների գործընթացները մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարող է պարզվել, որ նախարարի ընտանիքի որոշ անդամներ ազդել են գնումների գործընթացի վրա:

Ի դեպ, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է ՊՆ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը` ասելով. «Ձեր տեղեկությունները ճիշտ են, ու դրանք աշխատանքային ստուգումներ են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս