ԵԹԵ ՄԵՆՔ ՎԵՐԵՎԻՑ ՉՀՈՎԱՆԱՎՈՐԵՆՔ, ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չի կարելի բյուջեի փողերը յուրացնել եւ ամբողջ թիմին դնել հարվածի տակ”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ՎՊ հաշվետվության մասին: 
ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՆ
-Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած հաշվետվության ժամանակ, Ձեր ընդդիմադիր ելույթը տպավորություն ստեղծեց, թե մոռացել եք, որ ԱԺ նախագահ եք եւ հավասարաչափ պատասխանատու:
-Անկեղծ ասած, այս անգամ ես զարմացա, երբ ստացանք ՎՊ հաշվետվությունը, որովհետեւ գիտեմ, որ մինչեւ մեզ հասնելը իրենք համապատասխան գերատեսչությունների հետ քննարկում են խախտումները: Եվ եթե այդքանից հետո կան չարաշահումներ, յուրացում, թալան, ուրեմն հարկավոր է հավուր պատշաճի գնահատական տալ: 
-Բայց Դուք, ի տարբերություն ընդդիմության, նաեւ որոշումներ կայացնելու հնարավորություններ ունեք: Իսկ ՎՊ-ն նույն ոճով 5 տարուց ավելի աշխատում է: 
-Դե նույնն էլ ես էի ասում: ԱԺ նախագահը գործադիրում որոշում կայացնելու իրավունք չունի, բայց որպես թիմի անդամ՝ հորդորեցի երկրի վարչապետին, որ ինքը որոշումներ կայացնի, նման մարդկանցից ազատվենք:
-Վարչապետին ուղղված Ձեր ցանկացած խոսք ընկալվում է իբրեւ ձեր միջեւ առկա տարաձայնության դրսեւորում. ցեխ շպրտեցիք:
-Ես՝ որպես ԱԺ նախագահ, պարտավոր եմ իմ գնահատականը տալ եւ տվել եմ, իսկ վարչապետի հետ իմ հարաբերությունները շատ նորմալ են, ընկերական, աշխատանքային: Ես ցեխ չեմ շպրտել վարչապետի վրա: Վստահ եմ, ինքն էլ շատ վատ է ընդունում տվյալ փաստերը, իր մոտ քննարկում եղել է:
-Ինչո՞ւ քննարկումներին չեն հետեւում կոնկրետ գործողություններ:
-Ես դա եմ հենց ասում, որ եթե ՎՊ-ի հաշվետվությունը քննարկվում է կառավարությունում, եւ կառավարությունը չունի հակառակ ձեւակերպումը, որ պնդի՝ ինքը ճիշտ է, ուրեմն այդ մարդկանցից պետք է մենք ազատվենք: 
ՆԱԵՎ ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԸ
-Իսկ ՀՀ նախագահը Ձեր ասածի մասով ի՞նչ վերաբերմունք ունի. տեղյա՞կ էր, որ պիտի ըմբոստանայիք:
-Նախագահի վերաբերմունքից տեղյակ չեմ, բայց հենց ինքն էր ասում, որ պետք է այդ “ատկատներին” վերջ տանք եւ այլն: Մենք նախագահի տեսակետն ենք հայտնել: 
-Նույն նախագահի ասածներին էլ որեւէ մեկն ականջալուր չեղավ. պատիժներ չկան:
-Դե պատիժները պետք է լինեն հիմնավորված: Բայց մարդիկ կան, որ այսօր նստած են, նույն մեր կուսակցությունից: 
-Մի Խաչիկյան ունեք եւ վերջ, խոշոր ձկները մնացել են: 
-Խոշոր ձկներն էլ են պատասխան տալու՝ բոլորը: Մենք ավարտեցինք բոլոր ընտրությունները, հիմա ունենք պատմական շանս. առաջիկա 4 տարիներին պետք է մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծենք: Դուք ինքներդ գիտեք. գազի սակագնի բարձրացում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, արտագաղթ, սոցիալական խնդիրներ, աղքատներ, գործազուրկներ: Այս բոլորի պատասխանատվությունը կարծես մեր՝ իշխանությունների վրա է: Նաեւ ես ինձ վրա եմ վերցնում: Եթե միասին չաշխատենք, չի լինելու:
-Բայց նույն թիմի գործունեության հետեւանքով է, որ այսօր ծայրահեղ բեւեռացված է մեր հասարակությունը:
-Աշխարհն արագ փոխվում է: Մենք 2009թ. ունեցանք 14,4% տնտեսական անկում, իսկ 2012թ.՝ 7,2% աճ:
-Դուք հավատո՞ւմ եք այդ աճին:
-Դրանք վիճակագրական պաշտոնական թվերն են:
-Գուցե թվերով, բայց ես իմ մաշկի վրա չեմ զգում:
-Ճիշտ եք ասում, որովհետեւ այդքան անկումից հետո հնարավոր չէ 7%-ի պարագայում զգանք միանգամից: Բայց եթե այս տարի նույնպես ապահովվի 7% աճ, ապա կամաց-կամաց մարդիկ զգալու են այն: Գլխավորը պատասխանատվությունն է:
ԻՆՉՊԵՍ ՀԱՐՍՏԱՑԱ
-Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ վարչապետի “օֆշորային սկանդալը”, Հարություն Առաքելյանի “բաց ֆաքսերն” ուղարկվեցին դատախազություն՝ քննության, այնտեղից էլ՝ ոստիկանության թաղային քննիչներին, եւ չկա բացահայտում: Ինչո՞ւ իշխանության վերին օղակներում չկա այդ պատասխանատվությունը:
-Համաձայն եմ Ձեզ հետ, եթե մենք վերեւից չհովանավորենք, սրան-նրան չմիջնորդենք, նման բաներ չեն լինի: Դրա համար մեզանից պետք է սկսենք: Ես ազնվորեն, անկեղծ ասած, չեմ էլ հավատում, որ վարչապետը կարող է տենց միամիտ քայլ անի, ինչ-որ օֆշորում հաշիվ բացի:
-Հաշիվ բացելը միամտությո՞ւն է:      
-Այո՛, իհարկե, որովհետեւ ինքն այդ գործի գիտակն է. ԿԲ-ի նախագահ է եղել, ֆինանսական կառույցներում աշխատել է: Բայց սպասենք պատկան մարմինների հիմնավորմանը: Ինքը ԱԺ-ի՝ թիվ մեկ ամբիոնից հերքեց՝ ասելով, թե հնարավոր է, որ մարդ որեւէ մեկի փոխարեն բացի հաշիվ:
-Հա՛, գուցե բացի հաշիվ, բայց այդքան գումար որեւէ մեկը որեւէ մեկին պարզապես կփոխանցի՞:
-Բայց ոնց որ ասաց՝ գումարները չի փոխանցել: Իհարկե, եթե հաշիվը բացելուց հետո գումար է գալիս, ուրեմն ինչ-որ տեղ պայմանավորվածություն պետք է լինի: Բայց այդ գումար գալու փաստը դեռ չի ապացուցվել: Իմ կարծիքով՝ պետք է նման քայլերին վերջ տրվի: 
-Պարո՛ն Աբրահամյան, բայց Դուք եւս մեղադրանքներից չեք կարող խուսափել: Դուք էլ բազում սեփականություններ ունեք՝ նաեւ ստվերից ու “ատկատից” գոյացած:
-Ես 2008թ. գործադիրում չեմ աշխատում: Ես որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ կապ չեմ ունեցել:
-Իսկ ինչպե՞ս եք հարստացել: 
-Աշխատանքի շնորհիվ: Աշխատել եմ Արտաշատի գործարանում, երբ սեփանակաշնորհման գործընթաց սկսվեց, մենք սեփականաշնորհել ենք այն եւ այլն: Աշխատանքի, բիզնեսի արդյունքում: Պետական բյուջեի փողերը թալանելով ես չեմ զբաղվել, նման ցանկություն էլ չունեմ եւ նման մարդկանցից անգամ զզվում եմ: 
-Վերջերս ԱԺ-ն 20 միլիոնի արտոնություն տվեց Դիլիջանի օտարալեզու դպրոցին, այն դեպքում, երբ սահմանամերձ շատ գյուղերի դպրոցներ պարզապես փակվում են:
-Ես համամիտ չեմ, որ ամեն օր դպրոց է փակվում, գոնե այդպիսի փաստ ես չունեմ: 
“Ժողովուրդ”-ն օրերս հրապարակել էր՝ Սյունիքի մարզի Կուրիս, Վահրավար համայնքներում արդեն փակվել են, իսկ Տավրուս համայնքի դպրոցը շուտով կփակվի: Եվ գուցե էլի կան:
-Իսկ կառավարության պարզաբանումը կա՞:
-Կառավարությունը չի արձագանքել:
-Դե վատ է, որ չի անդրադառնում: Իսկ ինչ վերաբերում է Դիլիջանի դպրոցին, այդ ծրագիրը որեւէ կապ չունի պետական բյուջեի փողերի հետ: Դա ուղղակի հարգարժան մարդկանց մի ցանկություն է, նպատակ, որոնք իրենց ներդրումներն ու մասնակցությունն են ունենալու, որպեսզի այդ դպրոցը գործի: Այդ դպրոցն իրոք շատ կարեւոր է մեր երկրի համար: Այսօր ՀՀ-ն նաեւ ռիսկային է: Գիտեք մեր հարեւանների հետ հարաբերությունները, Ղարաբաղի հիմնախնդիր, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, այնպես չէ, որ ներդրողները հերթ են կանգնել, ու բոլորն ուզում են փող ներդնել: Հիմա մարդիկ կարողացել են կազմակերպել, մոտ 650 միլիոն դոլարի ներդրում կատարել այդ տարիների ընթացքում: Հայաստանը ի՞նչ է կորցնում. եթե այդ ծրագիրը չաշխատի, որեւէ աշխատատեղ չի ստեղծվելու, որեւէ մարդ չի աշխատելու, եւ աշխատության խնդիրը չի լուծվելու:
շարունակելի
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 562 համար




Լրահոս