ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՐԱՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության գործով առաջիկայում ուշագրավ մանրամասներ ի հայտ կգան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ինքնասպան եղած գործարարի գործով հարցաքննվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկը:

Եվ այսպես, ըստ պաշտոնական տեղեկության` փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Նոր Հաճն» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին: Պարզվել էր, որ 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն էր, Նոր Հաճըն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում 8:30-ին ինքնասպանություն էր գործել՝ կրծքավանդակին կրակելով:
Այս դեպքից հետո «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գործարարը մի նամակ էր գրել, դրել ծարարի մեջ եւ, մինչ ննջասենյակ բարձրանալը, այն փոխանցել էր տան աշխատակիցներին՝ խնդրելով իր չլինելու դեպքում հանձնել բարեկամներին կամ փաստաբանին: Դեպքից 1 տարի է անցել: Մինչ օրս սպանված գործարարի հարազատները չգիտեն, թե ինչ նամակի մասին է խոսքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործարարն իր թողած նամակում գրել էր, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր եւ արգելել են իրեն որեւէ գործողություն իրականացնել: Արդյունքում, այս նամակը հիմք դարձավ, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեից գործը տեղափոխվի ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ արդեն մեկ տարի է, ինչ նախաքննությունը շարունակվում է:
Սակայն գործարարի ինքնասպանության գործից եւ հատկապես նրա գրած նամակի բովանդակությունից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Լեւոն Ամիրխանյանն իր նամակում գրել է ՀՀ ֆինանսների նախարարներից մեկի անունը, իսկ թե ով է նա, մեզ առայժմ չհաջողվեց ճշտել: Նախաքննություն իրականացնող մարմինը, ի պատասխան մեր հարցման, միայն հայտնեց, որ նախաքննությունը շարունակվում է:
Հիմա փորձենք հասկանալ, թե ում մասին է խոսքը: Տեղեկացնենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Իսկ ովքե՞ր են պաշտոնավարել 2005 թվականից մինչ օրս ՀՀ ֆինանսների նախարարությունում: 2000 թվականից մինչեւ 2008 թվականը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում եղել է Վարդան Խաչատրյանը, որ ներկայումս ՀՀ նախագահի խորհրդականն է, 2008-2010թթ ՀՀ ֆինանսների նախարար է եղել Տիգրան Դավթյանը, 2010- 2013 թվականներին ՀՀ ֆինանսների նախարար է եղել Վաչե Գաբրիելյանը, որը ներկայումս ՀՀ փոխվարչապետն է եւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարը: 2013-2014 թվականների նախարարի պաշտոնում է եղել Դավիթ Սարգսյանը: Իսկ թե նրանցից կոնկրետ ում անունն է տվել ինքնասպան եղած գործարարը, դժվար է ասել:
Նկատենք, որ իրավապահների համար այս գործը բարդ է այնքանով, որ գործարարի կողմից նամակում ներկայացված մարդիկ թեեւ հարցաքննվել են, իրենց տեսակետն հայտնել են նամակի մասին, բայց գործարարը կենդանի չէ, եւ այս դեպքում նամակում ներկայացրած փաստերն ապացուցելը իրավապահների համար, մեղմ ասած, դժվար կլինի: Թեեւ մյուս կողմից ընդունված է ասել, որ «գյուղը կանգնի, գերան կկոտրի», ապա այս դեպքում էլ, եթե ԱԱԾ-ն ցանկանա, ապա գործը գլուխ կբերի, եւ գործարարին ինքնասպանության դրդողները անպատիժ չեն մնա:
Հիշեցնենք, որ Համլետ Ամիրխանյանը Երեւանում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Իսկ գնորդները բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ էին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երկու զինվոր է մահացել: Նրանցից մեկը սպանել է մյուսին, իսկ ավելի ուշ ինքնասպան եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել կատարված միջադեպի պատճառը:
Դեռեւս 2013 թվականին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը սպանվել էր: Պատճառը եղել էր այն, որ Լյուքսը վիրավորել էր իր ծառայակից ընկերոջը՝ Դավիթ Խաչատրյանին, նկատողություն էր արել նրան «պզուկի» համար, ինչի արդյունքում Դավիթը մահացու վիրավորում էր հասցրել Լյուքսին: Այս արարքի համար Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:
Եվ, ահա, 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքը, ըստ էության, դաս չեղավ ո՛չ պաշտպանության նախարարության, ո՛չ հրամանատարական կազմի եւ ո՛չ էլ զինվորների համար:
Բանն այն է, որ երեկ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ 19-ամյա Կամո Հովհաննիսյանը եւ Թեմուր Սուլոյանը: Հայտնի է դարձել, որ Թեմուրը սպանել է ծառայակցին, ապա ինքնասպան եղել: Կամո Հովհաննիսյանը Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի որդին էր, իսկ, ահա, Թեմուր Սուլոյանը ապրում էր Պռոշյան համայնքում:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար Սերյոժա Շաքարյանի հետ, որը հայտնեց, թե զինվորների մասին միշտ լավն է լսել.«Դեպքը եղել է դիրքերում, տղաներից մեկը պոստը լքել, իջել է ներքեւ, մյուսը հարցրել է, թե ինչո՞ւ ես իջել, նա էլ պատասխանել է, թե լավ եմ արել, ու եղել է այն, ինչի մասին արդեն բոլորը գիտեն»:
Հարցին, թե կատարվածում, որպես զորամասի հրամանատար, իր մեղքի բաժինը չի տեսնում, Սերյոժա Զաքարյանը պատասխանեց .«Բոլորն էլ իրենց բաժինը տեսնում են»:
Նկատենք, որ զորամասի հրամանատարը հայտնեց, թե պատճառը եղել է տղաներից մեկի դիրքը լքելը: Մինչդեռ չի բացառվում, որ եղել է նաեւ այլ, ավելի հիմնավոր պատճառ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կամո Հովհաննիսյանը եւ Թեմուր Սուլոյանը շաբաթներ առաջ զորամասի մաքրության հետ կապված լուրջ տարաձայնություն են ունեցել, որը, ըստ երեւույթի, կիսատ էր մնացել ու, փաստորեն, նման ողբերգական հանգուցալուծում ստացել պահպանության տեղամասում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանը` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն օրերս գրել էր այդ մասին: Ըստ լուրերի՝ Ռշտունին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է:

 

ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման արդի տարրերին, պայմանագրային զինծառայողների պատրաստման եւ ուսուցման, նրանց աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին:

 

ԱՌԱՆՑ ԲԱՃԿՈՆԻ
Ոստիկանները երեկ, առանց որոշումը տրամադրելու, գնացել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի տուն եւ նրան բերման ենթարկել: Այս մասին «Ա1+»-ին հայտնել է նրա կինը՝ տիկին Անահիտը. «Առանց բաճկոնի տարան»: Վարդգես Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանն էլ տեղեկացրել է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Պաշտպանը նշել է, որ իրենք պատրաստվում են որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ:

 

ՉԻ ՀԻՇՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ
Ինչպես հայտնի է, փետրվարի 15-ի առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ. Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ ArmLur.am-ին Շիրխանյանի որդին՝ Գեորգի Շիրխանյանը, հայտնեց, որ այսօր արդեն, բարեբախտաբար, մայրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Վիճակը թեեւ ծանր է գնահատվում, այդուհանդերձ, կյանքին վտանգ չի սպառնում: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տիկին Շիրխանյանը չի հիշում՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վրաերթի մանրամասները չգիտի: Հաղորդակցվում է, բայց ոչ հեշտությամբ: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է Արթուր Վարդանյանի ստեղծած «զինված հանցախմբին» անդամակցելու եւ աջակցելու մեղադրանքով: Նա առողջական խնդիրներ ունի, սակայն հրաժարվում է դեղորայքից:




Լրահոս