Ես ինչ-որ իլյուզիաներ չունեմ, որ պետք է Հայաստանից դուրս եղած ուժերը մեր խնդիրները տեղում լուծեն. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին օրեր առաջ հանդիպել է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից հետո ԵՄ ներկայացուցիչը ՀՀ իշխանություններին հորդորել է թափանցիկ հետաքննություն վարել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ: Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներում:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է մի շարք պատգամավորների հետ, որոնց թվում էիք նաեւ Դուք: Որո՞նք են այն ուշագրավ հարցերը, որ քննարկել եք Մոգերինիի հետ:

-Մենք ողջունում ենք նման այցերը, որովհետեւ Հայաստանի համար շատ կարեւոր է ԵՄ-ի հետ բարձր հարաբերությունների պահպանումը: Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ՀՀ ներքաղաքական խնդիրները, շեշտադրումներ են արվել նոր ԸՕ հետ կապված: ԵՄ-ն ամեն կերպ աջակցելու է, որպեսզի ընտրական օրենսգիրքը ընդունվի, եւ ընտրակեղծիքների 25-ամյա այս մեխանիզմներին վերջ դրվի:

Ես հատուկ ակնկալիքներ չունեմ, որովհետեւ Հայաստանի խնդիրների լուծման իմ ակնկալիքները մեր քաղաքական համակարգում են: Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների պաշտպանության, վերկանգնման համար: Ես ինչ-որ իլյուզիաներ չունեմ, որ պետք է Հայաստանից դուրս եղած ուժերը` թե՛ արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի, մեր խնդիրները տեղում լուծեն:

Իմ ակնկալիքը ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացին է: Մենք ամենօրյա աշխատանքով ամեն ինչ անում ենք, որ քաղաքացին մեզ աջակցի մեր նպատակների իրականացման, մեր պատկերացրած լուսավոր Հայաստանի համար մեր պայքարում:

-Սահմանված ժամանակացույցի համաձայն` նոր ընտրական օրենսգրքի նախագիծը մարտի 1-ին պետք է հրապարակվեր, դա, սակայն, տեղի չունեցավ: Ի՞նչ եք կարծում՝ այս հանգամանքը կապ ունե՞ր Մոգերինիի այցի հետ:

-Չգիտեմ, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ կա սահմանադրության պահանջ, որ մինչեւ հունիսի 1-ը պետք է ընդունվի օրեսգիրքը: Եւ մինչեւ այդ կընդունվի: Այլ բան է, թե ինչ օրենսգիրք կընդունվի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս