Բարենպաստ պայմաններից ելնելով`մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի գարնանային էտի աշխատանքները:
Գործընթացն իրականացվում է բոլոր ագրոկանոններին համապատասխան`Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համագործակցությամբ` քաղաքապետարանի բնապահպանության վարչության վերահսկողության ներքո: Ներկայում ընթանում են ծառերի ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում` նաև խորը էտման կամ այսպես կոչված երիտասարդացման աշխատանքներ: Դրանք, ըստ մասնագետների, ծառերի կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ են, հատկապես եթե խոսքը թեղիների և սոսիների մասին է: Առանձին դեպքերում խորը էտվում են նաև անկման վտանգ ներկայացնող բարդիները: Դրանց խորը էտը մայրաքաղաքում կարևոր է նաև ճանապարհային նշանների տեսանելիությունն ապահովելու և կենսապահովման կառույցների օդային մալուխագծերը հնարավոր ուժեղ քամիներից պաշտպանելու տեսակետից:
Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածը ընդհանուր օգտագործման և բակային տարածքներում նախատեսվում է ձևավորել շուրջ 15000 ծառ: