Օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածը Հայաստանում բուռն քննադատության արժանացավ, սակայն ռուսական կողմից որևէ արձագանք այդպես էլ չեղավ: Հիշեցնենք, որ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ՌԴ այցից մեկ օր առաջ հրապարակել է Ա. Խրամչիխինի վերլուծական հոդվածը` «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հայաստանի և Արցախի զինված ուժերի վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ: Խրամչիխինը մեկ առ մեկ թվարկել է, թե ՀՀ ԶՈՒ քանի բանակային կորպուս ու զորամաս ունի, որը ինչ նշանակության է, որտեղ է տեղակայված, ինչպիսի ռազմահրամանատարական կառուցվածք ունի, ինչ տեսակի եւ սպառազինություն ունի:
Սակայն ինքնին հասկանալի է, որ ռուսական որեւէ լրատվամիջոցում այդ ծավալի գաղտնի տեղեկատվությունը չէր կարող հայտնվել առանց ՌԴ պաշտպանական գերատեսչության տեղեկատվական աջակցության եւ ՌԴ քաղաքական ղեկավարության հրահանգի: Եվ այն, որ նման աննախադեպ, ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժային բնույթի տեղեկատվությունը հրապարակվում է Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, մտահոգվելու լրջագույն տեղիք է տալիս:
Նկատենք, որ սա Մոսկվայի կողմից այսօրինակ արդեն երկրորդ քայլն է անցած մեկ ամսվա ընթացքում: Նախորդը, հիշեցնենք, վարաբերում էր ռուսական 200 միլիոն դոլարի վարկի դիմաց ՀՀ-ին տրամադրվելիք զինատեսակների ցուցակի հրապարակմանը` հակառակ պայմանագրով կողմերի ստանձնած կոնֆիդենցիալության պահպանման պարտավորության:
Սակայն ռուսական կողմն այդպես էլ չի շտապում այդ ամենին որևէ մեկնաբանություն տալ: Այսօր Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀԱՊԿ անդամ երկրներից պատգամավորների, պատվիրակների մասնակցությամբ:
Սակայն լրագրողներն այդպես էլ հնարավորություն չունեցան որևէ հարցեր տալ հանդիպումից հետո ելույթ ունեցած Նարիշկինին: Հրաժարվեցին հարցերի պատասխանել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը։