Ով է պատասխանատու Սարալանջում տեղի ունեցած փլուզման համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան տեղեկացանք, որ Սարալանջի պողոտայում՝ նորակառույց էլիտար շենքերի մոտ, մի հսկա փլուզում է եղել։ Փլվել է հենապատը, եւ փլվածքը փակել է պողոտայի երթեւեկելի հատվածը։ Ճիշտ է՝ վթարային ծառայություններն ամեն ինչ արել էին, որ փլվածքն արագ մաքրեն եւ երթեւեկությունը վերականգնեն, սակայն միայն այն փաստը, որ մի քանի տարի առաջ կառուցված հենապատը փլվել է, իսկ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հին հենապատը, որը կառուցվել է նախորդ դարի կեսերին, ըստ տարեց երեւանցիների, գերմանացի գերիների ձեռքով, դեռ կանգուն է, խոսում է ժամանակակից շինարարության որակի մասին։

Եթե փլուզումներ են լինում առանց երկրաշարժի կամ այլ տարերային աղետների, կնշանակի վերջին տարիների շինարարությունները ոչ թե վատորակ են, այլ շատ վատորակ։ Եվ դա հղի է բազում վտանգներով։ Մանավանդ՝ նշված հենապատի շարունակությունը եւս կարող է շարունակել փլվել։ Եվ եթե այս անգամ, բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել, ապա ապագայում ոչ մի երաշխիք չկա, որ կրկին բախտներս կբերի։

Այդ դեպքում արդեն միայն փլուզումը մաքրելով չեն ազատվի, քրեական գործ կհարուցվի, եւ կսկսվի մեղավորների փնտրտուքը։ Ավելի ուշ քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որից տեղեկացանք, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեւրիկար» շինարարական կազմակերպության կողմից: Ճանաչենք վատորակ շինարարության «հերոսներին», որոնց վրա դրված է համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ «փլուզման հետեւանքները վերացնելու եւ նոր հենապատ կառուցելու» պարտականությունը։ Իսկ թե ով է մեղավոր եւ ով պետք է հսկի շինարարական նորմատիվների պահպանումը, պարզ չէ եւ ոչ մեկին չի հուզում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս