Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթական խայտառակ միջադեպը գրանցվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի գլխավոր դերակատարությամբ: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարադատության նախարարից պարզել, թե ինչպես է ստացվել, որ հակառակ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե արագաչափերի տեղադրումից հետո խախտումները նվազել են, իրականում դրանք ավելացել են:
Փաշինյանի այս հարցադրումը ընկալելով որպես վիրավորանք իրենց կուսակցապետի հանդեպ` տեղից փորձեց արձագանքել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, որին միացավ նրա կուսակից Առաքել Մովսիսյանը` իրեն հատուկ բառապաշարով: Բնականաբար, նրա հնչեցրած «համբալ», «դիշովկա» արտահայտություններն անպատասխան չմնացին, ինչի արդյունքում մի քանի րոպե ԱԺ դահլիճում հնչում էին հայհոյանքներ և բղավոցներ:
Նկատենք, որ սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, փոձում է նման եղանակով հաճոյանալ իր կուսակցապետին: Եվ դատելով այն հանգամանքից, որ իր փողոցային դրսևորումներում Առաքել Մովսիսյանը, կարծես թե, ավելի ու ավելի անզուսպ է դառնում` նրա կուսակցապետին հավատարմության նման դրսևորումները դուր են գալիս:
Իրավիճակի զավեշտն այն է, որ հենց երեկ խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու՝ Զարուհի Փոստանջյանի նախագիծը, որով իբրև թե պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն կարգազանց պատգամավորները:
Իրականում արդեն իսկ պարզ է, որ նման կազմով ազգային ժողովում որևէ կանոնակարգ կամ որևէ հանձնաժողով ի զորու չէ իրավիճակը փոխել: Առավել ևս, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ եթերից հայտարարում էր, թե նման միջադեպերը միանգամայն նորմալ են, և դրանից մեծ հարց սարքել պետք չէ: Ասել է, թե արձանագրում էր, որ իր ղեկավարած հանձնաժողովը ձևական և ապիկար մի կառույց է:
Հավելենք, որ նախօրեին խայտառակ միջադեպը գրանցվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ, ով ևս չկարողացավ սաստել իր կուսակից Առաքել Մովսիսյանին: Տեսանյութից երևում է, թե ինչպես են վարչապետն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարկանում Մովսիսյանի վրա, սակայն դա վերջինիս այնքան էլ չէր հետաքրքրում:
Հետաքրքիր է, որ կուսակիցներին սաստելու փոխարեն հանրապետականները գերադասում են նկատողություն անել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: