Վերահաս ցրտահարության վտանգի նախօրեին պտղատու եւ խաղողի այգիներ, բանջարանոցներ ունեցող գյուղացիներից յուրաքանչյուրն իր հողակտորը ցրտից պաշտպանում է տարբեր եղանակներով: Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լեւոն Նադարյանն իր այգիները պաշտպանում է յուրօրինակ եւ յուրահատուկ տարբերակով` աղոթքով, օրհնությամբ ու հավատով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 17ին Դալարի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը եւ Արարատ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Նադարյանի ծիրանի եւ խաղողի այգիներում կատարեցին օրհնության կարգ: Հոգեւորականները խնկարկեցին եւ օրհնեցին պտղատու այգիները` Աստծո օրհնությունը խնդրելով ծառերին, ծիլերին, սերմերին: «Քո առատ ողորմությունը տուր հողի մշակներին, ով Տեր, որպեսզի առատ բերք հավաքեն, որ կարկտաբեր ամպերը ցողի վերածվեն, իսկ քամին ու ցուրտը` մեղմ զեփյուռի»,իրենց աղոթքում նշեցին Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր այրերը: Սեփականատեր Լեւոն Նադարյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, որ նա այգին օրհնելու համար հրավիրում է Տեր Եփրեմ քահանա Հարությունյանին:
Եվ իր իսկ խոսքերով` Աստծո զորությամբ, ամեն տարի 2 հա ծիրանի այգուց ստանում է 2530 տոննա բերք, այն դեպքում, երբ հարեւան պտղատու այգիներն ընդհանրապես ծիրան չեն ունենում, կամ նույն մակերեսով այգի ունեցողները ստանում են 500 կգ բերք: Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը դրվատանքի խոսքեր ասելով Նադարյանների ընտանիքի հավատի մասին, ընդգծեց, որ վաղուց գիտի այդ ընտանիքին: «Իսկ ընտանիքի մեկը հազար է դառնում շնորհիվ նրանց անսասան հավատի»,հավելեց նա: Ապա, հոգեւոր հայրը հիշեցրեց Հիսուսի խոսքերը, որ եթե մանանեխի չափ հավատ ունենաս` լեռը տեղից կշարժես: