Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Գորիսում տեղի ունեցած աղմկահարուց գործով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
ArmLur.am-ին իրավապաշտպանը հայտնեց, որ դիմումն արդեն իսկ ստորագրվել և ուղարկվել է դատախազություն: Սաքունցը հայտնեց, որ նա պահանջում է քրեական գործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն իսկ հարուցված քրգործը քաղաքացու նկատմամբ է՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հատկանիշներով:
Ա. Սաքունցը սպասելիքների մասին չի շտապում խոսել, քանի որ, ինչպես ինքը նշեց, եթե սպասելիքները կարևորվեն, ոչ մի հարցով երբևէ կարիք չի լինի իրավապահներին դիմելու:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:
Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով փորձել է նրան ներս տանել:
Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով և ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքների ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով: Դեպի մանրամասները հրապարակվել են ArmLur.am-ում՝ համապատասխան տեսանյութով: Ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաև այլ իրավապահներ:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաև ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին: